11 04 2020

21 մլն դոլար վարկային միջոցից տեղաբաշխվել է 11 միլիոնը․ քննարկում՝ գործադիրում

21 մլն դոլար վարկային միջոցից տեղաբաշխվել է 11 միլիոնը․ քննարկում՝ գործադիրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական կառավարման համակարգում, առողջապահության և աշխատանքի ու սոցիալական ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:

Մասնավորապես, զեկուցվել է, որ 2016 թվականից ընթացքի մեջ գտնվող Պետական հատվածի արդիականացման 3-րդ վարկային ծրագրի նպատակն է էլեկտրոնային կառավարման համակարգի, ինչպես նաև թվայնացման գործիքների ներդրումը պետական կառավարման ոլորտում, ինչը կնպաստի վերջինիս արդյունավետության բարձրացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2022 թվականին: 21 մլն դոլար վարկային միջոցից տեղաբաշխվել է 11 մլն դոլարը, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է իրականացնել 8,3 մլն դոլարի ծրագիր:

Առողջապահության ոլորտում «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրով» իրականացվում են բժշկական կենտրոնների կառուցման, տեխնիկական միջոցների համալրման, պոլիկլինիկաներում սքրինինգային հետազոտությունների իրականացաման միջոցառումներ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է առաջիկայում ամփոփել Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման մրցույթը, որից հետո շինարարական աշխատանքները կմեկնարկեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում գործող վարկային ծրագրի շրջանակում հանրապետությունում կառուցվում են ինտեգրված կենտրոններ: Արդեն իսկ կառուցվել է նման 27 կենտրոն, 11-ի աշխատանքներն ընթացքի մեջ են: Եվս 25 կենտրոն կկառուցվի մինչ 2023 թվականը:

Վարչապետը կարևորել է վարկային ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացումը ու տվել կոնկրետ հանձնարարականներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ