31 03 2020

Շուկայում կան կասկածելի ծագման ալկոգելեր. քաղաքացիներն ահազանգել են

Շուկայում կան կասկածելի ծագման ալկոգելեր. քաղաքացիներն ահազանգել են

Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն, ինչպես մամուլի ու սոցցանցերի, այնպես էլ հեռախոսազանգերի միջոցով ստացել է բազմաթիվ մտահոգություններ՝ կապված ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) որակի ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության հետ:

«Հիշեցնում ենք, որ հայաստանյան ալկոգել արտադրող երկու տասնյակ տնտեսվարողների արտադրամասերում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:

Սակայն, ըստ տարբեր տեղեկությունների՝ շուկայում առկա են նաև կասկածելի ծագում և բաղադրություն ունեցող ալկոգելեր: Հորդորում ենք մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին՝ ընդունել և վաճառել միայն համապատասխանության գնահատման փաստաթուղթ և համապատասխան մակնշում ունեցող արտադրանք, այլապես ամբողջ պատասխանատվությունն ընկնում է տվյալ տնտեսվարող սուբյեկտների վրա:

Միևնույն ժամանակ հորդորում ենք սպառողներին ալկոգել կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այլ արտադրանք գնելիս ստուգել համապատասխանության գնահատման փաստաթղթի և մակնշման առկայությունը: Դրանց բացակայության դեպքում խնդրում ենք թեժ գծի (010 23 56 00) միջոցով այդ մասին տեղյակ պահել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին»,- ասվում է Կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ