Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ բյուջեի եւ կառավարման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։
Վարչապետը, կարեւորելով այսօրվա հանդիպումը, նշել է, որ Եվրոպական միությունը դարձել է Հայաստանի բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գլխավոր գործընկերը: «Շատ ուրախ եմ, որ կարողացել ենք ստեղծել հարուստ օրակարգ՝ դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ուղղությամբ: Մենք հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման փուլում ենք: Այս բարեփոխումների փաթեթը համարում եմ մեր ռեֆորմների առաջին փուլի վերջին մասը, եւ դրանից հետո մենք պետք է շարունակենք ամեն ինչ դարձնել ավելի ու ավելի լավ: Այս ճանապարհին համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ կարեւոր է: Ցանկանում եմ շեշտել, որ եւ՛ խորհրդատվական, եւ՛ ֆինանսական, եւ՛ քաղաքական աջակցությունը շատ կարեւոր են մեզ համար: Շնորհակալ եմ այսօրվա հնարավորության համար՝ քննարկելու մեր ապագա համագործակցության պլանները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Իր հերթին Յոհաննես Հանը նշել է, որ իր՝ Հայաստան այցի ժամանակ քննարկել են ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի անցկացման հարցը, որը տեղի կունենա Լյուքսեմբուրգում: «Այդ ֆորումը լավ հնարավորություն է, որպեսզի ներկայացնեք Ձեր երկիրը: Մենք մեծ փորձ ունենք նմանատիպ ներդրումային ֆորումներ կազմակերպելու հարցում եւ, կարծում եմ, որ այս անգամ էլ լավ արձագանք կունենանք: Ինչպես Դուք նշեցիք, Հայաստանում բարեփոխումներ եք իրականացնում, եւ սա ինչ-որ առումով երաշխիք կարող է հանդիսանալ Ձեր պոտենցիալ գործընկերների համար, որ Ձեր երկիրը հիանալի գործընկեր կարող է դառնալ»,- ասել է Յոհաննես Հանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ներդրումային համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, օրակարգային հարցերին, ինչպես նաեւ առաջիկայում նախատեսվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներին, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, էներգետիկայի եւ այլ ոլորտների զարգացումներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը