16 11 2019

Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտակ Մանուկյանից

Ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ. 20 փաստ՝ Արտակ Մանուկյանից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը 2020 թվականի բյուջեի վերաբերյալ 20 փաստ է ներկայացրել, նշելով, թե ինչով է այս բյուջեն աննախադեպ

Նա, մասնավորապես նշել է.

«Եվ այսպես ինչո՞վ է 2020թ պետբյուջեն աննախադեպ։ Առաջին ընթերցմամբ կարելի է նկատել հետևյալ 20 փաստերը

Փաստ #1 ՀՆԱ-ն անվանական արժեքով առաջին անգամ կհատի 7 տրիլիոն դրամը՝ կազմելով 7 տրիլիոն 95 մլն դրամ կամ շուրջ 14.5 մլրդ դոլար։

Փաստ #2 Տրանսֆերտների զուտ ներհոսքի նվազման ֆոնին ակնկալվում է առնվազն 4.9% տնտեսական աճ։ Համեմատության համար նշենք, որ այս աճի տեմպը ավելին է, քան զարգացող ու սահմանակից երկրների աճի տեմպը։

Փաստ #3 2020թ պետբյուջեով նախատեսվում է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի շուրջ 14% աճ, այն պարագայում, երբ 2020թ կանխատեսվում են մի շարք բացասական ազդեցության գործոններ՝ հարկային կորուստներ համահարթ հարկմամբ պայմանավորված, հարկային կորուստներ ավտոմեքենաների ներմուծման պահանջարկի նվազմամբ պայմանավորված, հիպոտեկային վարկի տոկոսագումարների մարմամբ պայմանավորված ավելի մեծ չափով եկամտային հարկի վերադարձ, պղնձի գների նվազում

Փաստ #4 Պետական բյուջեի կապիտալ ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը աննախադեպ է 5 տոկոս, ինչը նպաստելու է ապագայում ավելի բարձր աճի տեմպերին։

Փաստ #5 2019-ին վերանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, 70 կմ-ն այժմ ընթացքի մեջ է։ 2020-ին նախատեսվում է բարեկարգել ևս 500 կմ ճանապարհ։ ԴԵ ԻՍԿ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ խոսքերն ավելորդ են։

2020թ-ին այս ուղղությամբ նախատեսվող միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին պետական բյուջեով հատկացված բոլոր միջոցները միասին վերցված կամ 2018 և 2019 թվականներին հատկացվածը միասին վերցված:

«Հյուսիս-հարավ» ծրագրին կհատկացվի 52.4 մլրդ դրամ (2020թ-ին այս ուղղությամբ նախատեսվող միջոցների ծավալը հավասար է 2016-2019 թվականներին հատկացված միջոցները միասին վերցված)

Գյումրիի քաղաքային ճանապարհների վերականգնման համար հատկացվելու է 9.2 մլրդ դրամ՝ 3 անգամ ավելի, քան 2019-ին (նախկինում նման ծավալի ծրագիր չի իրականացվել):

Փաստ #6 Պետական բյուջեի ծախսերի շուրջ 42% կամ 793 մլրդ դրամն ուղղվելու է մարդկային կապիտալին, որն իր մեջ ներառում է առողջապահությունը, կրթությունն ու գիտությունը, հանգիստը, մշակույթը, կրոնը և սոցիալական պաշտպանությունը։ Ընդ որում, մարդկային կապիտալին ուղղված ծախսերը 2019թ․ համապատասխան ցուցանիշը գերազանցում են 12%, 2018թ՝ 23․3%։ 2016-2019թթ․ միջին աճը կազմում է 3․3%։

Փաստ #7 Շուրջ 150 հատով կրճատվելու են ծառայողական ավտոմեքենաները, ինչի արդյունքում մեքենաների և սարքավորումների ձեռքբերման, պահպանման և հիմնանորոգման ծախսերը 2020-ին 2019թ-ի համեմատ կպակասեն շուրջ 22 մլրդ դրամով։

Փաստ #8 Դադարեցվելու է արտաբյուջեների պրակտիկան` ինչը նաև պետական համակարգում մտածողության փոփոխություն է։

Փաստ #9 Շուրջ 10%-ով բարձրանալու են կենսաթոշակները։ Ավելացել ու շարունակաբար ավելանալու են ուսուցիչների, բժիշկների, զինծառայողների և այլ ուղղությամբ աշխատողների աշխատավարձը։

Փաստ #10 Նախատեսվում է 6 մարզերում ներդնել գյուղապահովագրության համակարգ։

Փաստ #11 Պետական բյուջեի պակասուրդը ծրագրվել է 182․6 մլրդ դրամ, որի ֆինասավորումը, ըստ էության, իրականացվելու է ներքին աղբյուրների հաշվին (սա աննախադեպ դրական երևույթ է), քանի որ ներքին աղբյուրներից նախատեսվում է 205․4 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրներից ֆինանսավորումը նվազելու է 22․8 մլրդ դրամով,

Փաստ #12 Պաշտպանության բնագավառում մեծացել է մարտունակությունը և սպառազինման մակարդակը, ինչպես նաև 122%-ով ավելացել են ռազմարդյունաբերության ոլորտի հատկացումները։

Փաստ #13 2020-ի հունվարի 1-ից զինծառայողների ապահովագրության հիմնադրամը աջակցություն կտրամադրի նաեւ 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

Փաստ #14 Շարունակաբար մեծանալու է սնունդը նոր համակարգով ստացող շահառուների թիվը՝ ներկայումս ավելի քան 7000 ժամկետային զինծառայող։ Միաժամանակ համանման համակարգեր են ներդրվելու քրեակատարողական հիմնարկներում։

Փաստ #15 Վեց անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազարից դառնալով 300 հազար դրամ.

Փաստ #16 2020թ․ պետական բյուջեի նախագծով մանկավարժների աշխատավարձի ֆոնդի գծով ծախսերի աճը նախատեսվել է 9․7 մլրդ դրամի չափով, որից 5․9 մլրդ դրամը՝ աշխատավարձերի բարձրացման գծով նախատեսված 10% աճն է:

Փաստ #17 Հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված երեխաների սննդով ապահովման գծով նախատեսվել է շուրջ 1.7 մլրդ դրամ` 2019թ համեմատ 0.5 մլրդ դրամով ավելի։ 2020 թվականին սննդով կապահովվեն 7 մարզերի պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված, շուրջ 66 հազար երեխաներ

Փաստ #18 Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում միջոցառման շրջանակներում 2020-ին նախատեսվող ծախսը 2.9 մլրդ դրամ է՝ 2019-ի 3,6 և 2018թ․-ի 4.8 մլրդ դրամի դիմաց։ Դրանով հանդերձ, արդյունքային ցուցիչների աճ է նախատեսվում․ ջրամատակարարման ծավալը 2020-ին՝ 650 մլն խ․մ․, 2019-ին՝ 577, 2018-ին՝ 627 մլն խ․մ․, ոռոգելի հողատարածքները նախատեսվում է հասցնել 92,5 հազար հա-ի (2019-ին՝ 84 հազ․, 2018-ին՝ 87 հազ հա), 1խմ մատակարարված ջրի դիմաց կատարված ծախսը նախատեսված է 17.8 դրամ, 2019-ին՝ 22.2, 2018-ին՝ 19.8 դրամ, իսկ 1խմ մատակարարված ջրի դիմաց հատկացված սուբսիդիան՝ 2020-ին նախատեսված է 6.8 դրամ՝ 2018-ի 7.6 դրամի փոխարեն։

Փաստ #19 Շենքերի և շինությունների շինարարությանը նախատեսվում է հատկացնել շուրջ 235 մլրդ դրամ, ինչը 128 մլրդ դրամով ավելի է 2019-ի հաստատված մակարդակից, իսկ 2018թ․ փաստացի մակարդակը գերազանցում է 146 մլրդ դրամով կամ 2,6 անգամ։

Փաստ #20 Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բնագավառներին նախատեսվում է հատկացնել 25․8 մլրդ դրամ, որը 2019թ․ հաստատված ցուցանիշը գերազանցում են 43․2%, իսկ 2018թ․ փաստացի ցուցանիշը՝ 120․6%։ Աղետի գոտու մասով աշխատանքները շարունակական են, իսկ Գյումրու վերածնունդը՝ փաստ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ