29 06 2019

Միքայել Մելքումյանը Մոսկվայում բարձրացրել է ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերի հարցը

Միքայել Մելքումյանը Մոսկվայում բարձրացրել է ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերի հարցը

Ս.թ. հունիսի 28-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի 31-րդ համատեղ նիստը, որին մասնակցում էին նաև ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը:

Նիստում քննարկվել են հայ-ռուսական միջպառլամենտական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող բազմաթիվ հարցեր, հնչել են տեսակետներ և առաջարկություններ: Այս մասին հայտնում են Միքայել Մելքումյանի գրասենյակից: 

Ի թիվս այլ հարցադրումների՝ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, դիմելով նիստի մասնակիցներին և, մասնավորապես, նախագահող, ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովին, նշել է, որ այս փուլում, երբ քննարկվում է նաև հայ-ռուսական հարաբերությունների հարցը ԵԱՏՄ շրջանակներում, ակնկալում է իր ռուս գործընկերների աջակցությունը հետևյալ հարցերում

2020թ. Հունվարի 1-ից ՀՀ համար երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքի արտոնյալ ժամկետի հնարավոր երկարացման հարցում կոնկրետ աջակցություն ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդում, քանի որ ՀՀ շուրջ 20 հազ. քաղաքացիներ ըստ էության կմնան առանց աշխատանքի և եկամուտի, իսկ ՀՀ պետական բյուջեն կկորցնի շուրջ 100 մլն. ԱՄՆ դոլար:

ՀՀ և ՌԴ առևտրաշրջանառությունը 2018 թ. մոտեցել է ընդհուպ 2 մլրդ ԱՄՆ դոլարին, սակայն ռեզերվներն ավելի քան մեծ են, և այստեղ հարցերից կարևորագույնը Վերին Լարսում ճանապարհային խնդիրներն են, ուստի Մելքումյանն առաջարկում է, որպեսզի այստեղ գործի մշտական մոնիտորինգի համակարգ երկու երկրների կառավարությունների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև երկու երկրների պառլամենտների միջև:

Նիստը նախագահող ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ, հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը նշել է, որ Միքայել Մելքումյանի առաջարկները կներառվեն միջպառլամենտական հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ, ուստի և կդառնան քննարկման առարկա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ