12 03 2019

Գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացումը իրոք մեծ բեռ է ենթադրում. ԱԺ պատգամավոր

Գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացումը իրոք մեծ բեռ է ենթադրում. ԱԺ պատգամավոր

Շաքար պարունակող ըմպելիք արտադրողների արտահայտած մտահոգությունները, իրոք, տեղին են: Ավելին, առողջապահական հիմնավորումը, որը ներկայացվում է ակցիզային հարկը նման կերպով տարածելու համար, մեղմ ասած՝ շատ վիճահարույց է: Այս մասին մարտի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Ստացվում է, որ մենք շաքարի փոխարեն շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա, կարող է շաքար պարունակող ավելի վնասակար խմիչքը դուրս մնալ ակցիզային հարկից, և գազավորվածը, միայն չափանիշ վերցնելով, մտնի ակցիզային հարկի տակ»,- նշեց նա՝ նկատելով, որ շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար 30 դրամ ֆիքսված ակցիզային հարկ բացասաբար է ազդելու փոքր և միջին բիզնեսի վրա:

Նրա խոսքով՝ այս հարցով ԱԺ-ում քննարկումներ կանցկացվեն, բոլոր կողմերի տեսակետները հաշվի կառնվեն. «Երբ գա Ազգային ժողով, մեկամսյա ժամկետ ունենք այդ ամեն ինչը քննարկելու համար: Այն, ինչը ներկայացված էր իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, և այն տարբերակում, որը կառավարությունը հաստատեց, որոշակի փոփոխություններ կան»,- հայտնեց Բաբկեն Թունյանը:

Հարցին՝ եթե կառավարությունը փոփոխություն չմտցրեց ակցիզային հարկի առումով, ԱԺ-ն դեմ կքվեարկի Հարկային օրենսգրքի նախագծին, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Ոչ թե դեմ կքվեարկենք, այլ կառաջարկենք, որ այդ փոփոխությունը լինի»:

Ըստ նրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացումը իրոք մեծ բեռ է ենթադրում այդ մարդկանց համար. «Այդ գումարն ի սկզբանե եղել է, 20 տարի փոփոխության չի ենթարկվել, և ժամանակն էր, որ վերանայվեր, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ ՀՀ-ում մենք գործ ունենք մի քանի հարյուր տնտեսվարող սուբյեկտների հետ»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում գործում է 200-ից ավելի փոխանակման կետ և 130 գրավատուն. «Գործ ունենք բավականին մեծ աշխատողների թիվ ունեցող սեգմենտի հետ և իրենց համար իրոք մեծ հարկային բեռ է ավելանում, ինչը իրենց համար խնդիրներ է ստեղծելու»,- նշեց տնտեսական հանձնաժողովի նախագահը:

Հարցին, թե տեղի՞ն է միանգամից 60 անգամ տուրքը բարձրացնելը, Բաբկեն Թունյանը պատասխանեց. «Կքննարկենք, կհասկանանք: Երկու կողմերին էլ կլսենք, ըստ դրա՝ որոշում կկայացնենք: Ամեն մի որոշում պետք է փաստարկված լինի, կարևորը փաստարկներն են, ոչ թե ներկայացնողները կամ շահառուները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ