168․am-ը գրում է․ «Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը ԱԷԿ կառուցելու ցանկություն ունի դեռ 2003 թվականից, և դրա համար տարբեր ճանապարհների է դիմել, օրինակ՝ ժամանակին կար «1, 2, 3» ծրագիրն ԱՄՆ-ի հետ, այժմ ՌԴ-ի հետ է ձեռնարկում որոշակի քայլեր, այնպես որ՝ ցանկությունը եղել է ու կա:
«Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված Ադրբեջանի քարոզչությունը զուտ քարոզչություն է, որը տեղավորվում է Հայաստանը մեկուսացնելու, ապազարգացնելու, դեգրադացնելու և հյուծելու քաղաքականության բաղադրիչում: Իհարկե, Ադրբեջանում ԱԷԿ կառուցելը Ռուսաստանի և «Ռոսատոմի» գործն է: Մենք մեր մտահոգությունը պետք է հայտնենք այդ առնչությամբ և բարձրացնենք Հայաստանում նոր ատոմակայանի բլոկի հեռանկարի և կառուցման մեկնարկի խնդիրը»,- ասաց Ա.Մարջանյանը:
Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, որ Հայաստանը պետք է ունենա նոր ռեզերվային մայրաքաղաք Կովսականում, որն Արցախի հարավային հատվածն է, և պետք է լրջորեն մտածել Արաքսի ձախակողմյան հատվածի տնտեսական և մարդկային զարգացման մասին: Ա.Մարջանյանի կարծիքով՝ դա պետք է լինի ՀՀ խնդիրը առաջիկա 20 տարիների կտրվածքով, և այդ ամբողջ տարածքը պետք է դարձնել ծաղկուն, զարգացած, արդյունաբերական և մարդկային պոտենցիալով լի տարածք, իսկ սահմանների ուժեղացումն էլ կլինի դրա բաղկացուցիչ մաս»:
Նոր ԱԷԿ-ի կառուցման հարցում, Ա.Մարջանյանի խոսքով, Հայաստանն է պասիվացել. «Խնդիրն այն է, որ Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ ընդլայնված գործակցության համաձայնագիրը, որի 42-րդ հոդվածը պահանջում է ԱԷԿ-ի փակում և ներմուծում է նոր հսկող մարմին՝ «Եվրոատոմ», որը 2026 թ.-ին արդյունավետորեն կարգելափակի ռուսական տեխնոլոգիաների կիրառումը ՀՀ-ում: Եթե շարունակենք այն, ինչ կատարվում է, նոր ԱԷԿ չենք ունենա»:
Ա.Մարջանյանը նշեց, որ Հայաստանում իրականացվեց բազմակողմ և բազմափուլ ծրագիր, որը տևեց մոտ 5 տարի, և արդյունքում հանրային կարծիք ձևավորվեց, որ վերականգնվող էներգետիկ տարբեր տեխնոլոգիաներն ունակ են տեղակայել ատոմային էներգետիկա. «Դա բացարձակ անհեթեթություն է, բայց իրականացվեց այդ ծրագիրը, և այդպիսի կարծիք այժմ գոյություն ունի: Երկրորդ՝ կիրառության մեջ մտցվեց, այսպես կոչված, մոդուլային նոր բլոկների գաղափարը, որ հնարավոր է փոքր՝ 40-100 մգվտ բլոկներ կառուցել, և այդ տեխնոլոգիաները կարելի է ստանալ Կանադայից, Չինաստանից կամ ԱՄՆ-ից: Դա իր հերթին՝ բացարձակ անհեթեթ լուծում է ՀՀ-ի համար՝ թե՛ տեխնիկապես, թե՛ տեխնոլոգիապես, թե՛ տնտեսական առումով, բայց դա էլ շրջանառության մեջ դրվեց»:
Ա.Մարջանյանի խոսքով՝ այժմ նոր ԱԷԿ-ի կառուցումից Հայաստանը ոչ թե փաստացի հրաժարվել է, այլ այդ ուղղությամբ գործ չի անում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը