16 11 2018

Ի՞նչ էինք սպասում նոր հարկային օրենսգրքից և ի՞նչ ստացանք. 168․am

Ի՞նչ էինք սպասում նոր հարկային օրենսգրքից և ի՞նչ ստացանք. 168․am

Նոր կառավարությունը կարծես 180 աստիճանով փոխել է ռազմավարությունը և այժմ փոփոխությունները սկսել է իրականացնել գրեթե ծածուկ, ասել է թե՝ առանց ավելորդ ուշադրություն գրավելու, գրում է 168․am-ը։

Մասնավորապես, նոյեմբերի 15-ին, առանց հայտարարելու և հրապարակելու Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այսպիսով, փոփոխությունների փաթեթն արդեն հասանելի է, և ստորև կներկայացնենք առաջարկվող նախագծի հիմնական դրույթները։ Իսկ ամբողջական փաթեթի տնտեսական բովանդակության, դրական և բացասական կողմերի մասին կխոսենք հետագա վերլուծություններում:

Համաձայն ներկայացված փաստաթղթի, առաջարկվում է՝ 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ եթե ընկերության կամ անձի շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 20 մլն դրամը: Հարկման համակարգի այս վերանայումների շրջանակներում նախատեսվում է սահմանել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է վերացնել արտոնագրային հարկի համակարգը՝ այդ հարկման համակարգի շրջանակներում ներկայումս հարկվող գործունեության տեսակների հարկումը կազմակերպելով ընդհանուր սկզբունքներով, անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ 2019 թվականի հուլիսի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:

Ընդհանուր առմամբ սրանք են սպասվելիք հարկային օրենսգրքի փոփոխությունները: Անկախ նրանից, թե ինչ սպասելիքներ ունեինք, առաջիկայում սպասվող փոփոխությունները կլինեն այսպիսին, իսկ թե որքանո՞վ են դրանք արդարացնում հասարակության սպասելիքները, դեռևս առիթներ կունենանք խոսելու:

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ