29 05 2018

Եթե պարզեմ, որ իմ նշանակումից հետո մեկը ինչ–որ չարաշահում է արել, շատ խիստ կպատժվի. ՊԵԿ նախագահ

Եթե պարզեմ, որ իմ նշանակումից հետո մեկը ինչ–որ չարաշահում է արել, շատ խիստ կպատժվի. ՊԵԿ նախագահ

«Կոռուպցիոն ռիսկերը ՊԵԿ-ում պետք է արմատախիլ անենք մեկընդմիշտ. սա այն պատմականորեն ընձեռնված հնարավորությունն է, եթե այսօր էլ չանենք, ուրեմն ձախողում ենք այն ամենը, ինչ մեր համար արժեք ունի»,- մայիսի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մայիսի 18-ից՝ իմ նշանակումից հետո կարող եմ հայտարարել, որ եթե նման երևույթներ են եղել, մենք՝ այդ թվում հանրությունը պետք է պայքարենք դրանց դեմ ։

Թե նախկինում ինչ են արել, հնարավոր է՝ մենք էլ ենք նախկինում լսել, մամուլում էլ ենք կարդացել, լսել ենք ծանոթ բարեկամերից: Երբ մաքսազերծվում են արել «չայեվոյների» գաղափարը միշտ եղել է, սակայն նման կոռուպցիոն ռիսկերը պետք է արմատախիլ անենք մեկընդմիշտ: Նախկինում շատ բան կարող է եղած լինել, բայց եթե ես պարզեմ, որ մայիսի 18-ից հետո մեկը ինչ–որ բան է արել, շատ խիստ կպատժվի ընդհուպ ազատազրկում»:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ համակարգում արմատական կադրային փոփոխություններ են կատարվել եւ դրանք շարունակվում են:

Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, Դավիթ Անանյանն ասաց. «Ուշադիր եղեք, կտեսնեք, որ արմատական կադրային փոփոխություններ են արվել ՊԵԿ-ում ու շարունակվում են, ուղղակի հետևեք»:

ՊԵԿ նախագահը համաձայն չէ դիտարկմանը, թե ստվերը կրճատելու հարցում ՊԵԿ-ը չի հաջողել: «Եկեք ուրիշ կերպ ձևակերպենք, որ ստվերի դեմ պայքարն իրականացվել է ՊԵԿ-ի կողմից, բայց, ըստ երևույթին, ոչ այնքան արդյունավետ, ինչքան կարող էր հանրությունը սպասել: Ստվերի դեմ պայքարը մշտական պրոցես է, նույնիսկ հարյուրամյակներով մենք պայքարելու ենք դրա դեմ: Եթե ես հիմա ասեմ, որ մենք կարճ ժամանակ՝ 2 ամիս հետո, 6 ամիս հետո, ոչ մի ստվեր չենք ունենալու, ես թերևս ազնիվ չեմ լինի հանրության ու ձեր առջև, բայց ստվերի դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ ու արդյունավետ գործիքակազմ մենք ունենք, ներմուծելու ենք ու շարունակելու ենք»,- ասաց նա:

Անդրադառնալով «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում սկսված ստուգումներին, Դավիթ Անանյանն ասաց. «Երեկ հանդիպել եմ ցանցային առևտրով զբաղվող 10-12 պատասխանատուների հետ ու քննարկել հարցը: Մենք ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, և շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման պրոցեսին։ Մի քանի օր ժամանակ ենք նրանց տվել, որ ծրագրային իրենց խնդիրները կարգավորեն»,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ ստուգումներ անձամբ իրենք չեն իրականացնում: ՊԵԿ-ն ԱԱԾ գործընկերներին տեղեկացրել է, թե նախկինում ինչ պայմանավորվածություններ են եղել, որոնք այս պահին չեն գործում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ