Կառավարության այսօրվա՝ հուլիսի 18-ի, նիստի ժամանակ հաստատվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները․
«Առաջարկվում է հարկային օերնսգրքում սահմանել լիազորող նորմ, որի հիման վրա կառավարությունը կարող է հանրային հսկողության մեխանիզմների ներդրման միջոցով սահմանել հարկային վարչարարության աջակցման ծրագրեր։ Առաջարկվում է նաև հարկերի ուշ վճարման համար օրական տույժերի փոփոխություն։ Առաջարկում ենք վերականգնել մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը գործող տույժի չափը՝ սահմանալով օրական 0,075%։ Հաջորդ փոփոխությունը կապված է հարկային հաշվարկների ներկայացման հետ։ Գործող կարգավորումներով հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել, եթե արդեն այդ ժամանակաշրջանը ստուգվել է։ Սակայն, եթե հարկային հաշվարկով ավելանում է հարկային պարտավորություն կամ նվազեցվում է փոխհատուցվող գումարը, ապա այդ դեպքում կարող են ներկայացնել։ Բայց մի դեպք ունենք, որ եթե ոչ թե ստուգվել է այլ ուսումնասիրվել է այդ հաշվետու ժամանակաշրջանը՝ գումարների վերադարձման նպատակով, ապա այդ ներկայացման հնարավորությունը բացակայում է։ Ուստի առաջարկում ենք համապատասխանեցնել և ուսումնասիրված ժամանակաշրջանում ևս թույլ տալ ներկայացնել հաշվարկ, որոնցով կավելանան հարկային պարտավորությունները կամ կնվազեցվեն փոխհատուցվող գումարները»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը