168.am-ը գրում է․ Մինչև իշխանության գալը կտրականապես դեմ լինելով պարտքերին կամ գոնե այդպես ներկայացնելով՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո անշեղորեն ավելացրել է Հայաստանի պետական պարտքի բեռը։ Նախկին որևէ իշխանության ժամանակ պետական պարտքն այդպիսի արագացված տեմպով չի աճել, ինչպես վերջին հինգ տարիներին կամ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։
Միջինը տարեկան գրեթե 1 մլրդ դոլարով պարտք են ավելացրել։
Վերջին տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը հասել է շուրջ 11,4 մլրդ դոլարի։
Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը կազմում էր 6,7 մլրդ դոլար։
Հինգ տարին չբոլորած՝ 4,7 մլրդ դոլարի պարտքեր են կուտակել։
Մինչև տարեվերջ դեռ ժամանակ կա, ու պարտքերի կուտակումը կշարունակվի։
Բայց դրանով էլ չեն պատրաստվում բավարարվել։ Հաջորդ տարի էլ պետական պարտքը կավելացնեն ոչ պակաս արագացված տեմպերով, ինչպես վերջին տարիներին։
2024թ. պետական բյուջեի հիմքում դրված կառավարության կանխատեսումների համաձայն՝ այս տարվա վերջին, դրամով արտահայտված, պետական պարտքը կկազմի 4,660 մլրդ դրամ։ Հիմա 4,395 միլիարդ է։
Այսինքն՝ սպասվում է, որ մինչև տարեվերջ դեռ 265 մլրդ դրամով կավելանա։
Արդեն հաջորդ տարվա վերջին, ըստ կառավարության կանխատեսումների, պարտքը կկազմի 5,318 մլրդ դրամ։
Եթե իրականանան կառավարության այս կանխատեսումները, ապա հաջորդ տարի, դրամով արտահայտված, պարտքը կավելանա 658 մլրդ դրամով՝ հիմնականում կառավարության պարտավորությունների գծով. 658 միլիարդից 644 միլիարդը կլինի կառավարության բաժին պարտքի ավելացումը։
Չոր հաշվարկով, գործող փոխարժեքով պարտքի 658 մլրդ դրամ աճը համարժեք է 1,6 մլրդ դոլարի։
Բայց քանի որ գործ ունենք և՛ տարադրամային, և՛ դրամային պարտքի ավելացման հետ, այնքան էլ միանշանակ չէ պնդել, որ պարտքը հենց այդքանով կավելանա։
Դոլարային արտահայտությամբ գուցե պարտքը 1,6 միլիարդով չավելանա, սակայն աճը հաստատ կրկին 1 մլրդ դոլարից պակաս չի լինի։
Կառավարության կանխատեսումներով, հաջորդ տարի ևս շուրջ 1 մլրդ դոլարով կաճեն իրենց բաժին պարտքային պարտավորությունները։ Այս տարվա վերջին դրանք ընդհուպ կմոտենան 11 մլրդ դոլարի սահմանին և կկազմեն 10 մլրդ 900 մլն դոլար։ Արդեն հաջորդ տարի կանցնեն 11 միլիարդը։
Կանխատեսվում է, որ 2024թ. վերջին կառավարության պարտքը, որի սպասարկումն ամբողջությամբ նստած է պետական բյուջեի վրա, կհասնի 11 մլրդ 891 մլն դոլարի։
Կմեծանա կառավարության՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքի բեռը։
Պարտքերի ավելացման այս ագրեսիվ մրցավազքի մեջ պակաս կարևոր չէ իմանալ, թե ինչպիսի՞ն է լինելու պարտքերի սպասարկումը, և ի՞նչ է մեզ սպասվում հաջորդ տարի։
2024թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն՝ կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (տոկոսավճարները) կկազմեն ՀՆԱ 3,1 տոկոսը։
Անվանական արտահայտությամբ, այն համարժեք կլինի ավելի քան 322 մլրդ դրամի։
Այդքան գումար կվճարենք՝ պարտքը սպասարկելու համար։ Այն կկազմի պետական բյուջեի հաջորդ տարվա համար սպասվող եկամուտների ավելի քան 12,5 տոկոսը։
Սպասվում է, որ բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 մլրդ դրամ, որից 322 միլիարդը կգնա կառավարության վերցրած պարտքերի մարմանը։
Սա հսկայական գումար է պետական բյուջեի համար։ Պատկերացնելու համար ասենք, որ դրանով կարելի էր առնվազն 50-60 տոկսով ավելացնել կենսաթոշակներն ու նպաստները։ Բայց կենսաթոշակներն ու նպաստներն ավելացնելու փոխարեն, ստիպված ենք լինելու վճարել վերցրած ու չգիտես ինչի վրա ծախսված պարտքերը փակելու համար։
Եթե ամեն ինչ կառավարության գծած սցենարով գնա, ապա պարտքի սպասարկման գումարները հաջորդ տարի կավելանան առնվազն 49,4 միլիարդով։
Պետական բյուջեի հիմքում դրված փոխարժեքով հաշվարկելու պարագայում ստացվում է 128 մլն դոլար։
Այդքանով հաջորդ տարի պարտքի սպասարկումը կավելանա և ընդհանուր առմամբ կկազմի ավելի քան 830 մլն դոլար։
Սա տարադրամով հաշվարկված այն գումարն է, որը հաջորդ տարի պիտի ուղղվի՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքի, բացառապես կառավարության պարտավորությունների սպասարկման համար։
Պարտքի սպասարկումը կավելանա թե՛ պարտքի ֆիզիկական աճի, և թե՛ բեռի ծանրացման հետևանքով։
«2024 թվականին կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կկազմի 7 տոկոս»,- հաջորդ տարվա պետական բյուջեի հիմքում այսպիսի կանխատեսում է դրել կառավարությունը։
Դժվար է ասել՝ կառավարությունը գիտակցո՞ւմ է, թե ինչ ասել է 7 տոկոս միջին կշռված տոկոսադրույք՝ 11-12 մլրդ դոլար պարտքի պարագայում, բայց դա սարսափելի բարձր գին է պետական պարտքի համար։ Այն նույնիսկ ավելին է, քան սովորական առևտրային վարկերի գինը։
Եվ դրան մենք հասել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո։
Ոչ վաղ անցյալում կամ ընդամենը 2-3 տարի առաջ Հայաստանի պետական պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4-4,5-ի սահմաններում էր։
Վերջին տարիներին այնքան թանկ գումարներ ներգրավեցին ու ուռճացրեցին պետական պարտքը, որ տոկոսադրույքը հասավ առևտրային վարկերի գնին։
Այդ գինը հաջորդ տարի դեռ կավելանա։ Այս տարի հասցրել է ավելանալ 0,6 տոկոսային կետով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը