12 01 2022

«911»-ով 1․443.236 զանգ՝ 2021 թվականին

«911»-ով 1․443.236 զանգ՝ 2021 թվականին

2021 թվականին 911 հեռախոսահամարով  ԱԻՆ  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների կենտրոններում  գրանցվել է 1 մլն  443 հազ. 236 զանգ: Հանրապետությունում գրանցվել է 14. 802 արտակարգ դեպք և պատահար, որից 6.588  հրդեհի, 4.647  ճանապարհատրանպորտային պատահարի,  7.781  կենցաղային, 1.279  կեղծ ահազանգ և այլն:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 2021 թվականի գործունեության ամփոփումը՝ ահազանգերի սպասարկման և արձագանքման, անձնակազմի մասնագիտական որակների և կարողությունների զարգացման, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային համագործակցության և այլ ուղղություններով ներկայացրել է ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը: Նիստը վարել  է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

Զեկույցի համաձայն՝ արդիականացվել են հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթներին վերաբերող երկրատեղեկատվական, օդերևութաբանական, աշխարհագրական, կադաստրային շտեմարանները, մշտադիտարկվել  են ՀՀ ջրամբարներն՝ ըստ լցվածության:  Կազմվել է դրանց վիճակն արտացոլող դիագրամային պատկեր և սահմանված կարգով ու պարբերականությամբ տրամադրվել շահագրգիռ ստորաբաժանումներին:  Արդիականացվել է «Ինտերակտիվ» ծրագրային փաթեթը. նախատեսված շտեմարանները համալրվել են համապատասխան տեղեկատվությամբ,  իսկ  «Google Earth» քարտեզագրական համակարգ ներմուծված 2021 թվականի ընթացքում գրանցված դեպքերն ու պատահարները, ինչպես նաև դրանց վերաբերյալ  հիմնական տեղեկատվությունը հարմարեցվել է ArcGIS համակարգին: 2021թ.-ին  ՃԿԱԿ-ի  70  ծառայող ստացել  է փրկարարի որակավորում։

Ամփոփիչ նիստում ներկայացվել է նաև Բժշկական ապահովման վարչության  2021թ. կատարած աշխատանքները: Ըստ  ԲԱՎ պետ, փ/ծ գնդապետ Կարեն Աթոյանի ներկայացրած հաշվետվության՝  մեկ տարվա ընթացքում  վարչություն է դիմել 2319 մարդ: 911 հեռախոսահամարով բժշկական  խորհրդատվություն  է տրվել  3909 քաղաքացու: Վարչության շտապ օգնության մեքենան  մասնակցել է 108  ահազանգի: Բուժվարչությունն այս տարի  համալրվել է 3 շտապօգնության մեքենաներով և ընդհանուր քանակը դարձել է 8: Բոլորը մեքենաները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով: Նշվել է, որ 2022թ.-ին ծրագրվում է մարզերում բուժապահովման ստորաբաժանումներ հիմնել: Նոր սարքավորումներ են ձեռք բերվել ատամնաբուժական սենյակի և լաբորատորիայի համար:

Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների սերտ համագործակցության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի «Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ» միջազգային հասարակական կազմակերպության աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է Առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմի ձևավորման գործընթացը: Վերապատրաստվող բժշկական թիմը համապատասխան որակավորում կստանա 2023թ.-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ