23 12 2021

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել ՀԴՄ չկիրառելու համար տուգանքների նվազագույն շեմերը

Կառավարությունն առաջարկում է բարձրացնել ՀԴՄ չկիրառելու համար տուգանքների նվազագույն շեմերը

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Օրինագծի նպատակն է կանոնակարգել և հստակցենել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերը, վերանայել օրենսգրքի առանձին դրույթներ, ինչպես նաև սահմանել նոր կարգավորումներ: Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարելու հիմքով կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին՝ այդպիսին չհամարվելու դրույթները:

 Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաև hսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 2-րդ և ավելի անգամ խախտումների հիմքով կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կասեցնելու հետ կապված դրույթները, միաժամանակ, հանել նաև գործունեությունը կասեցված հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հրապարակելու պահանջը, հարկային մարմնի ղեկավարի կողմից ՀԴՄ-ների իրացման առավելագույն գին սահմանելու վերաբերյալ դրույթը: Նախատեսվում է հստակեցնել, որ հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող է հանդիսանալ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, որի դեպքում հսկիչ գնման առանձին ուսումնասիրության հանձնարարագիր չի պահանջվում:

 Օրինագծով առաջարկվում է սահմանել ՀԴՄ չկիրառելու համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից, ՀԴՄ կիրառության կանոնների խախտման համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից:

 Քանի որ որևէ արարքի համար պատասխանատվության միջոցի սահմանումն առաջին հերթին պետք է նպատակաուղղված լինի տվյալ արարքի կանխարգելմանը, միաժամանակ ապահովելով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ պատասխանատվության համաչափության սկզբունքի պահպանումը և հաշվի առնելով այն, որ նախատեսվող պատասխանատվությունը որքան համաչափ լինի իրավախախտման ծանրությանը, այնքան արդյունավետ կլինի դրա կանխարգելիչ նշանակությունը, առաջարկվում է բարձրացնել տուգանքների համար սահմանված նվազագույն շեմերը (1-ին դեպքի համար՝ 200 հազար դրամի փոխարեն սահմանել 500 հազար դրամ, 2-րդ դեպքի համար՝ 500 հազար դրամի փոխարեն՝ 2 միլիոն դրամ, 3-րդ և ավելի դեպքերի համար՝ 1 միլիոն դրամի փոխարեն 10 միլիոն դրամ): 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ