06 12 2021

Ռուս խաղաղապահները սկսել են 400 հա տարածքի ականազերծումը Մարտակերտի շրջանում

Ռուս խաղաղապահները սկսել են 400 հա տարածքի ականազերծումը Մարտակերտի շրջանում

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարտակերտ բնակավայրի տարածքում պայթուցիկ օբյեկտների մաքրման և ականազերծման աշխատանքները, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը սկսել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գյուղատնտեսական հողերի մարդասիրական ականազերծման աշխատանքները։ Այսօր մաքրվել է տարածքի 1,5 հեկտար, ընդհանուր առմամբ նախատեսված է մաքրել 400 հեկտար տարածք, աշխատանքի ընթացքում հայտնաբերվել է 2 պայթուցիկ օբյեկտ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 2322,1 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 078 պայթուցիկ առարկա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ