10 11 2021

Ռուսաստանի ներկայությունը խաղաղության պահպանման երաշխիք է․ աղբյուր

Ռուսաստանի ներկայությունը խաղաղության պահպանման երաշխիք է․ աղբյուր

Ստեփանակերտի մոտակայքում գտնվող զինվորական ավանում հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել՝ ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ առաքելության ներկայության մեկամյակի կապակցությամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ուղիղ մեկ տարի առաջ խաղաղապահների ստորաբաժանումը, ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հրամանատարությամբ, մուտք գործեց Լեռնային Ղարաբաղ։ Այս մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք է տարվել՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղության վերահաստատման ուղղությամբ։ Խաղաղապահները ոչ միայն պաշտպաններ են, այլև կյանքի կոչողներ»,- դիմելով զինծառայողներին՝ ասել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։

Նա ընդգծել է, որ խաղաղապահների ծառայությունը բարդ պայմաններում է անցնում։ «Խաղաղապահների տքնաջան ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ հակառակորդ կողմերի միջև հակամարտությունները կանխվում են»,- նշել է նա։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատար, Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը՝ օկրուգի այլ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

«Ամբողջ տարվա ընթացքում խաղաղապահ առաքելությունը 280 000-ից ավելի մարդասիրական և բուժօգնության տրամադրման տարատեսակ միջոցառումներ է իրականացրել։ 40-ից ավելի բնակավայրերում մարդասիրական տարբեր ակցիաներ են կազմակերպվել»,- ասել է Մուրադովը։

Նա պետական և գերատեսչական պարգևներ է հանձնել խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում աչքի ընկած զինծառայողներին։

«Տարածաշրջանի բնակչությունը աջակցում է հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ առաքելության տեղակայման որոշմանը։ Բոլորն են հասկանում, որ Ռուսաստանի ներկայացվածությունը թույլ կտա պահպանել խաղաղությունն ու տարածաշրջանում անվտանգ կյանք ապահովել»,- ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում ասել է Գենադի Անաշկինը։

Միջոցառման շրջանակում խաղաղապահների սպառազինության ու զինտեխնիկայի ցուցադրություն է կազմակերպվել, ցուցադրվել է նաև Ми-8АМТШ ուղղաթիռը՝ հագեցած բժշկական մոդուլով, «Օռլան-10» և «Ֆորպոստ» անօդաչու թռչող սարքերը։

Խաղաղապահները ցուցադրել են ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մարդասիրական բեռներ տեղափոխող շարասյան վրա պայմանական հետախուզադիվերսիոն խմբերի հարձակմանը դիմակայելու, ինչպես նաև բանակային ավիացիայի կազմում գտնվող Ми-8АМТШ «Տերմինատոր» ուղղաթիռի տուժած անձնակազմի տարհանման դրվագներ, БТР-82А զրահափոխադրիչից դեսանտների իջեցման հմտություններ, զրահափոխադրիչի պաշտպանությամբ տեղաշարժվելու մարտավարական, ինչպես նաև ձեռնամարտի հնարքներ։

Հանդիսավոր արարողության ավարտին վեր է հանվել Ռուսաստանի Դաշնության 100 մետրանոց դրոշը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ