15 10 2021

Հարձակումներ են եղել նաև Արցախի հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ. Արման Թաթոյան

Հարձակումներ են եղել նաև Արցախի հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը:

«Հարձակումներ են եղել նաև Արցախի հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ: Երկու դեպքում էլ մտադրված ոտնահարվում են խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունը, ազատ տեղաշարժը ճանապարհներով և այլն: Ընդ որում, տեղի են ունենում ոչ միայն կրակոցներ, այլ նաև գողություններ, մարդկանց գույքի դիտավորյալ ոչնչացում, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտներ և այլն»,-հայտնել է ՄԻՊ-ը։

Թաթոյանը նշել է՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեպքում զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են մեր խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, նրանց խաղաղ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները:

«Երկու դեպքում էլ հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու, իհարկե, նման պայմաններում նշված խախտումները չեն վերանալու, լիարժեք անվտանգություն չի ապահովվելու»,-ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ