29 09 2021

Yerevan.Today-ի ահազանգն արդյունք տվեց․ պետպատվերով բուժումը կվերականգնվի

Yerevan.Today-ի ահազանգն արդյունք տվեց․ պետպատվերով բուժումը կվերականգնվի

Սեպտեմբերի 6-ին Yerevan.Today-ի հրապարակած հոդվածը՝ պետպատվերով բուժումը խոշոր ԲԿ-ներում սառեցնելու՝ Առողջապահության նախարարության ներքին հրամանի մասին, մեծ աղմուկ բարձրացրեց։ Իսկ այսօր կարելի է ասել՝ հանրային ճնշման տակ իրավիճակ փոխվեց։ Վաղը կառավարության նիստի օրակարգում  ընդգրկվել է 1, 2 միլիարդ դրամ լրացուցիչ դոտացիա ԱՆ-ին իջեցնելու մասին նախագիծը: ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է կառավարությանը՝ պետպատվերով բուժումների սպասարկումը ևս մի քանի ամիս շարունակելու համար։

Իսկ դա նշանակում է, որ ԱՆ ներքին հրահանգն առ այն, որ փողի բացակայության պատճառով ԲԿ-ներում պարտավոր են զինվորներին, շահառու խմբերին, այդ թվում սրտի կաթվածով հիվանդանոց տեղափոխածին կամ քաղցկեղով տառապողին հերթագրել և սպասեցնել մինչև 2022 թվականի կեսեր, այլևս  ուժի մեջ չէ։

Ճիշտ է՝ խոշոր հիվանդանոցներին պետությունը շարունակում է պարտք մնալ, ավելի վաղ գրել էինք՝ 2021թ օգոստոսի դրությամբ կառավարությունը ուրջ 4 պետպատվերի շրջանակներում իրականացրած բուժսպասարկման համար կուտակել է շուրջ 4 մլրդ դրամի չմարած ծախսեր:

Ուստի մեծ հարց է՝ ո՞ր ԲԿ-ին առողջապահության նախարարությունն արտոնություն կտա և ո՞ր հիվանդանոցի սեփականատերը կհամաձայնի շարունակել պետպատվերով սպասարկումը՝ կուտակած պարտքերով հանդերձ։

Ի դեպ, վաղը հատկացվելիք 1, 2 միլիարդ դրամի հատկացումներով նախարարությունն առաջնահերթորեն սպասարկելու է հենց վիրավոր զիծառայողներին։

Հիշեցնենք՝ Yerevan.Today-ին հայտնի էր դարձել, որ Առողջապահության նախարարությունը տարվա կեսից հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Հրապարակել էինք ներքին կարգով իջեցրած  հրամանը։

Փոխարենը՝ պետությունը աղմուկից խուսափելու համար ԲԿ-ների տնօրինությանն առաջարկել էր  սրտի վիրահատությունների ու բարդ հետազոտությունների սպասարկումը «կազմակերպել  նիսյա եղանակով»՝ ԲԿ-ի միջոցների հաշվին, բայց սրան կտրականապես դեմ էին եղել ԲԿ սեփականատերերը՝ պատճառաբանելով, թե վստահություն չկա:

Սյուզի Բադոյան

 

 

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ