22 09 2021

Արցախում ՏԻՄ մարմինների ու պաշտոնատար անձանց ուղղված դիմումներին տրվում են ոչ պատշաճ եղանակով պատասխաններ

Արցախում ՏԻՄ մարմինների ու պաշտոնատար անձանց ուղղված դիմումներին տրվում են ոչ պատշաճ եղանակով պատասխաններ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բազմաթիվ դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման ընթացքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց ուղղված քաղաքացիների դիմումներին տրվում են ոչ պատշաճ եղանակով, ուշացումով պատասխաններ կամ դրանք մնում են անպատասխան, ուստի Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել նման խնդիրների վերացման ուղղությամբ և անվերապահորեն հետևել Արցախի Հանրապետության Սահմանադրությանը ու օրենքներին, մասնավորապես՝

- Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

- Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:

- Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` 1) անձի դիմումը, բողոքը. (...)

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):

Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նույն օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է:

Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից: Օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով: Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18:00-ին:

Վարչական վարույթի ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքները՝ 1. Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում` 1) վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը. 2) եթե դիմումը վերաբերում է օրենքով նախատեսված որևէ փաստաթղթի տրամադրմանը, որն առնչվում է որևէ փաստի (ծնունդ, մահ, անձի բացակայություն տվյալ վայրից և այլն) հաստատմանը կամ արձանագրմանը, ապա դիմումի հիման վրա համապատասխան ակտը չստացած կամ այդ ակտի համար դիմում ներկայացրած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթղթերը չունենալու համար («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդված):

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ