19 09 2024

Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ

Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ

Սեպտեմբերի 19-ին լրանում է Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի գործադրած ցեղասպանության տարելիցը։ 2020թ․ սեպտեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբեր ժամանակահատվածը՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակում, այնուհետև պաշարում, ապա ահաբեկչական հարձակումներ և էթնիկ զտում ամբողջությամբ ցեղասպանական գործընթաց է։

Ադրբեջանը ինչպես 1990-ականների սկզբում, այնպես էլ 2020թ․ սեպտեմբերին և դրանից հետո Արցախի նկատմամբ իրականացրել է ռազմական գործողություններ, որոնք իրենց բնույթով ագրեսիա են։ Հետևաբար այդ գործողությունները զուրկ են լեգիտիմությունից։ Այդ ռազմական գործողությունների ընթացքում իրականացվել են մարդկության դեմ հանցագործություններ, որոնց դեպքում, ինչպես ցեղասպանության, վերահաս պատիժը վաղեմության ժամկետ չի ճանաչում։

Ավելին՝ Հայաստանի Հանրապետության դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման պայմաններում ձեռք բերված ցանկացած փաստաթուղթ առ ոչինչ է և չի կարող կասկածի տակ դնել Արցախի հարցի առկայության փաստը։ Ղարաբաղյան հիմնախնդրի պատճառը Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ կիրառվող հակահայ քաղաքականությունն էր. հանուն ինքնորոշման ու ազատության պայքարող ժողովրդի հանդեպ ադրբեջանական բռնության հակադրումը խորացրել է հակամարտության հետևանքները։ Հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը բնականոն է ու օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ցանկացած պետության կամ պետությունների՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության, կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ չի կարող իրավազրկել այդ պայքարը։ 

Միջազգային երաշխավորությամբ Արցախի հայության հավաքական վերադարձի իրավունքի իրացման ապահովումը, Արցախին միջանկյալ քաղաքական կարգավիճակի տրամադրումը, Հայաստանի Հանրապետության հետ անխափան ցամաքային կապի ապահովումը, Բաքվում պատանդարված հայ գերիների, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ու հանցագործներին պատասխանատվության կան­չելը, Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը այն նախադրյալներն են, որոնք պետք է առաջնորդեն հակամարտության քաղաքական կարգավորմանը։

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ղարաբաղյան հակամարտության ներկա հանգրվանի համար կարևորում է հիմնախնդիրը միջազգային քաղաքական օրակարգի վրա պահելը և՛ միջազգային կազմակերպությունների, և՛ առանձին պետությունների դեպքում։

Ներկա զարգացումները ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն լուծված չէ, այլ նաև որոշակիորեն գտնվում է միջազգային քաղաքական օրակարգի վրա։ Համոզված ենք, որ միջազգային հարաբերությունների՝ ժամանակավոր բնույթ կրող ներկա վայրիվերումներից հետո, առավել լայն հնարավորություններ են բացվելու արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ պայքարը շարունակելու և  աշխատանքներ իրականացնելու համար։

Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ մեր կոչն է համայն հայությանը՝ չդադարեցնել պայքարը, նոր թափ տալ պայքարին, այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ

19 / 09 / 2024թ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ