Այո, մենք անհանգստացած ենք Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակով և համարում ենք, որ ճանապարհի այս կարգավիճակը մեծ վնաս է տալիս տնտեսությանը, առևտրին և զբոսաշրջությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի վիճակի վերաբերյալ հարցին՝ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ես գիտեմ, որ մեր ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ԱԳն-ն իրական ժամանակի ռեժիմով աշխատում են այս հարցերը օր առաջ լուծելու ուղղությամբ: Բնական է, որ պատերազմից հետո մինչև նորմալ կյանքի անցնելը այսպիսի պրոբլեմներ կլինեն, բայց պետք է սառնասիրտ ու հետևողականորեն լուծել այս խնդիրները: Մենք փորձում ենք էսկալացիա թույլ չտալ, միժամանակ խնդիրներչը հերթով լուծելով գնալ առաջ: Խնդիրները ստեղծվում են, հետո լուծվում են»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ թշնամին մտել է մեր սուվերեն տարածք, ինչպես են պատկերացնում այդ հարցի լուծումը, նախարարն արձագանքեց. «Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է կյանքը կանգնեցնենք, զբաղվենք միայն այդ մի ճանապարհով և չշնչենք-չարտաշնչենք, չքնենք-չզարթնենք և այլն, ապա այդպես չէ, պետք է զբաղվել նաև այլ խնդիրներով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը