Մեր հասարակության պերճանքն ու թշվառությունը կամ ինքնակործան անհոգություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով Գառնու տաճարում կազմակերպված հարսանիքին։
Երեկվանից, արդարացիորեն, Գառնու տաճարում կազմակերպված հարսանիքն է քննարկվում։
Առերևույթ կամ ֆորմալ առումով թվում է, թե ամեն ինչ կարգին է։ Պահպանության ՊՈԱԿ-ը թույլտվությունը համաձայնեցրել է ԿԳՄՍ-ի հետ, տաճար-արգելոցի փակ լինելու մասին ծանուցում էլ է եղել, աշխարհում էլ մշակութային հուշարձանները/կոթողները վարձակալելու ավանդույթ կա։
Սա միայն առերևույթ․․․ եթե չելնենք այն իրողությունից, թե ինչ իրականության մեջ է ապրում մեր հասարակությունը, եթե փորձենք մոռանալ, որ Հայաստանը կորցրել է Գորիս-Կապան միջպետական մայրուղու վերահսկողությունը, եթե չնկատելու տանք, որ թուրքը դիրքավորվել է Սոթքից Շորժա ու աչքը Սևանին է, եթե մոռանանք, որ Եռաբլուրում դեռ փոսեր են փորվում, եթե մոռանանք, որ սահմանին հայ զինվոր է մահանում, եթե մերժենք, որ մեր պետականությունը արնաքամ է լինում․․․
Եթե մեժեք այս ամենը․․․բայց ինչպե՞ս․․․
Ձեր մերժումից, ցավն օտարելուց, ուրանալուց կամ փախուստից ոչինչ չի փախվում, Հայաստանը շարունակում է սուզվել, անկասելիորեն սուզվել, վերջանալ․․․
Ու համատարած այս ցավի, պետականության և ինքնիշխանության իրական կորստի խորապատկերում ինչ-որ մեկի մտքով անցնում է հենց տաճարի ներքո «տժալ», այո՝ հենց այդ բառով՝ «տժալ»․․․ինքը փող ունի, ինքը կարող է թեկուզ մեկ օրով Գառնին առնել, ու թքած, թե ինքն էլ է այդ կործանվող նավի վրա ․․․
Չեմ մերժում ոչ մեկի երջանիկ լինելու իրավունքը, բայց ինչպե՞ս․․․մեր անկումների խորությունից անհնար է չքարանալ։
Եվ այդ անկումների շղթայով անցնում են պատվիրատուից մինչև ԿԳՄՍ նախարար։
Դուք ոչ մեղքի, ոչ պատասխանատվության, ոչ էլ ցավի գիտակցում չունեք․․․
Օրենքներից անդին բարոյական ու արժեքային ուղենիշներն են, ներքին զսպանակները․․․
Մենք կորցրել ենք, ավելի շուտ մեզ կորցնել են տալիս մեր ընդհանրական արժեքները, մեր ներքին դիմադրությունը, մեր ինքնությունը, մեր մարդկային չափանիշները։
Ինքնակործան անհոգության մեջ, մեզ չի միացնում, չի անհանգստացնում մեր կորուստների խորությունն ու ապագայի մասին տագնապը։ Մենք պարտվում ենք ներսից․․․
Իսկ գուցեև գիտակցաբար է արվում, պառակտված և ընդհանրական արժեքներ և կարմիր գծեր չունեցող ժողովրդին վերջնական պարտության մատնելը շատ հեշտ է։
Եվ սա ՄԵՐ/ՁԵՐ ընտրությունն է, իսկ իշխանությու՞նը, իսկ պետությու՞նը․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը