18 08 2021

Պատրաստ ենք հետ մղել Ալիևի կազմակերպած ցանկացած սադրիչ գործողություն. ԳՇ պետի տեղակալ



ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանն այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազգային ժողովում ներկա է եղել սահմանային իրավիճակի հետ կապված դռնփակ քննարկմանը:

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք մի շարք հարցեր կապված սահմանային իրավիճակի օպերատիվ մարտական իրադրության հետ: Խմբակցությունների անդամներին ներկայացրեցի, թե ինչպիսի իրադրություն է ստեղծվել և ներկա դրությամբ ինչպիսինն է այն: Հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս ենք համարժեք պատասխաններ: Մեր հանրության շրջանում տարածված է այն, որ մենք ունենում ենք կորուստներ ու հակառակորդն անկորուստ է, դա այդպես չէ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները և խնդիրը, որը առաջադրված է մեր բանակին՝ կատարելու ենք պատվով»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդվարդ Ասրյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդը սադրիչ գործողություններով փորձում է նաև ստուգել հայ զինծառայողների իրականացրած ծառայությունը, թե ինչպես է արձագանքում հայկական կողմը իրենց սադրիչ գործողությանը:

«Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել ինչ կամենում է, բայց դա իրականությանը չի համապատասխանում, դա խեղաթյուրված պատմություն է, որը մեզ համար հիմք չի հանդիսանում: Նրա հայտարարություններն ավելի են բարձրացնում մեր զգոնությունը: Մենք ունենք համապատասխան ծրագրեր, պլաններ, ցանկացած գործողություններ իրագործելու»,-ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ