7or.am-ը գրում է
2018-ից հետո Հայաստանն ունեցել է ոչ թե պաշտպանության նախարարներ, այլ Նիկոլի՛ պաշտպանության նախարարներ։ Նրանք պաշտպանել են ոչ թե մեր երկրի սահմաններն ու ապահովել բանակի մարտունակությունը, այլ ծառայել Նիկոլին ու սպասարկել նրա փիառը, քաղաքական շահերը։
Այսպես, Դավիթ Տոնոյանը, որը պաշտպանության նախարար նշանակվեց դեռևս իշխանության չեկած քայլարածներից մեկի ֆեյսբուքյան գրառման միջոցով, խաղում էր «Ռեմբոյի» դերը։ Տոնոյանը հայտարարեց «Նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզի մասին, որի արդյունքում մենք ունեցանք նոր պատերազմ, բայց նոր տարածքներ ստացան ադրբեջանցիները։
Դավիթ Տոնոյանը սելֆիացու էր։ Այդ նա էր, որ չկրակող ՍՈՒ-երի ֆոնին նկարվում էր Նիկոլի ֆոնին, նա էր, որ «կռուտոյ» տղայի կերպարի մեջ մտած խաբում էր, թե բա ամեն ինչ կարգին է։ Նա էր, որ «պատրոն Դավիթի» հետ ստվերային գործարքների էր գնում՝ ապահովելով Նիկոլի գրպանի պարունակության թռիչքային աճը։ Նա էր, որ օդը չփակող ՀՕՊ-ային գործարքներն էր իրականացնում։
Եղավ պատերազմ, եղավ պարտություն, եղավ կապիտուլյացիա, Տոնոյանը «թռավ»։ Մի փոքրիկ տեքստ գրեց ու «թռավ»։
Նրանից հետո Նիկոլը բերեց Վաղարշակ Հարությունյանին։ Նրան, ով Հայաստանի ամենաանարժան գեներալներից է և մինչև նախարար նշանակվելը խորհուրդներ էր տալիս Նիկոլին, այնպիսի խորհուրդներ, որոնց հետևանքները տեսանք 2020-ի նոյեմբերի 9-ին։ Նրան, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին աչքի է ընկել ռեստորանային մարտերում, այն էլ՝ Մոսկվայում։
Վաղարշակին Նիկոլը պաշտպանության նախարար նշանակեց, քանզի նա Ռոբերտ Քոչարյանի դեմ վաղոյություն էր արել ու դուրս շպրտվել բանակից։
Վաղարշակը պատերազմից հետո Նիկոլի հետ շարունակեց հողատվությունը։ Տարածքներ կորցրեցինք Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում։ Ադրբեջանական զինվորները, դիմադրության չհանդիպելով՝ մտան ՀՀ ինքնիշխան տարածք ու մինչև հիմա չեն հեռացել։
Վաղարշակին հիմա փոխարինել է Արշակ Կարապետյանը (Վաղարշակին Նիկոլն ուղարկել է Մոսկվա՝ իր սիրած ռեստորանային մարտերը շարունակելու)։ Սա այն Արշակն է, որը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ մեր բանակի հետախուզության պատասխանատուն էր, որը վատ էր աշխատել և որը հեռացվել էր դրա համար։ Սա այն Արշակն է, որը Նիկոլի քաղաքական խաղերում աչքի ընկավ կեղծ մատնությամբ ու մտավ Նիկոլի աչքը։
Արշակից այժմ նոր Տոնոյան Դավիթ են կերտում, թե բա նա հայտարարել է, որ հենց ադրբեջանցիները մեկ միլիմետր առաջ գան, կրակեք։ Ռիսկ չեն անում պաշտոնական հաղորդագրությամբ դա ասել, այլ «սլիվ» են անում։ Ու հարց չի առաջանում, թե բա արդեն մեր տարածք մտած ադրբեջանցիների հետ ի՞նչ պետք է անել։
Արշակի այդ «սլիվային» խոսքերը հիշեցնում են Տոնոյան Դավիթի «Նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը, ինչից հետո ողբերգական արդյունքներ եղան։ Սա նշանակում է, որ սրանք նոր պատուհաս են ուզում բերել մեր գլխին։ Կամա թե ակամա, արդեն էական չէ։ Ու քանի դեռ Նիկոլն իշխանության ղեկին է, Հայաստանի գլխին պարբերաբար պատուհասներ են բերվելու։
Կորյուն Մանուկյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը