29 07 2021

Պատերազմի սպառնալիքը՝ որպես նիկոլական ռեժիմի միջոցով Հայաստանը կտրտելու միջոց

Պատերազմի սպառնալիքը՝ որպես նիկոլական ռեժիմի միջոցով Հայաստանը կտրտելու միջոց

Ինչի՞ մասին է հուշում վերջին օրերի «սահմանային լարվածությունը»: Գործնականում դա ադրբեջանաթուրքական ագրեսիայի բաղկացուցիչ օղակն է: Հիշեցնենք. իրենց ձեռնտու, եթե չասվի՝ գործակից նիկոլական ռեժիմի գործուն աջակցությամբ Արցախի մեծ մասը օկուպացնելուց հետո, թուրք-ադրբեջանական տանդեմը, Ռուսաստանի հետ «բազարներով», անցել է «Ալթայ» ծրագրի հաջորդ փուլի իրականացմանը: Այդ «հաջորդ» փուլը հետապնդում է հետևյալ հիմնական և օժանդակ նպատակները. Հայաստանի, որպես պետական միավորի ոչնչացում, առնվազն՝ ձևական երևույթի վերածում, Հայաստանի հետագա վերականգնման բոլոր հնարավոր տարբերակների բացառում՝ կենսական բոլոր կոմունիկացիաների նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելու, ըստ հնարավորության՝ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի արևելյան հատվածի զավթում և հայաթափում:

Դրա համար ադրբեջանաթուրքական տանդեմը կիրառում է պատերազմի սպառնալիքի գործիքը: Նկատենք, որ ավելի քան երկու ամիս է, ինչ ադրբեջանը զինված ներխուժում է իրականացրել ՀՀ տարածք, կիլոմետերերով առաջ է եկել ու դիրքավորվել ՀՀ տարածքում, սակայն նիկոլական ռեժիմը ոչ մի իրական քայլ չի կատարել՝ թշնամուն հետ շպրտելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու, ՀՀ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով: Ընդամենը դիմել է սրան-նրան, թե բա՝ եկե՜ք, աղաչում եմ, սահմանները պաշտպանեք, քանի որ մենք բանակ չունենք (պարզ է, որ այլ բառեր են ասվել, բայց իմաստն ու բովանդակությունը այդ են):

Դա տեսնելով՝ ադրբեջանաթուրքական տանդեմը, բնականաբար, որոշ պաուզա պահեց, սպասելով, եթե ոչ անթաքույց խրախուսելով, որ Նիկոլը վերարտադրվի, անգամ ՍԴ «քննությունն» էլ ավարտվի, որից հետո շատ համակարգված վրա տվեց «ապագա կա»-ին ձայն տվածներին չարախնդորեն ցույց տալով, թե հանուն ինչի են դրանք հիմարաբար քվեարկել:

Բայց հարցը դա չէ միայն: Հարցն այն է, որ իրականությունը շատ ավելի վատն է, քան այն պատկերացնում և փորձում ենք ներկայացնել մեր մեկնաբանություններում: Հարցն այն է, որ կա որոշակի պայմանավորվածություն՝ Նիկոլի, իր սիրելի Իլհամի միջև: Պայմանավորվածությունը վերաբերում է Հայաստանը կտոր-կտոր թուրքին տալուն: Ավելին, Նիկոլը բացեիբաց, ի լուր բոլորի, հայտարարեց, որ սիրահոժար թուրքին կնվիրի Հայաստանի ցանկացած հատված, գյուղ, բնակավայր, որը թշնամին կամենա և մեծագույն սիրով կստորագրի ցանկացած կապիտուլյացիոն նոր ակտ: Դրա միակ նախապայմանն այն է, որ իրեն թողնեն Հայաստանի այսպես կոչված իշխանության ղեկին: Թշնամու և հայ ներկայացող ՀՀ այսպես կոչված ղեկավարության շահերը 100 տոկոսով համընկնում են:

Հիմա այդ առևտրի՝ Հայաստանը կտոր-կտոր ծախելու բանակցություններ, ավելի ճիշտ՝ առուտուրի սակարկություններն են ընթանում: Ու դրա մասին հանրությունը տեղեկանում է... սահմանի գրեթե ամբողջ երկայնքով ադրբեջանական թուրքերի հրահրած, կարելի է չկասկածել՝ նիկոլական ռեժիմի հետ փոխհամաձայնեցրած լարվածության հրահրման վերաբերյալ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Դա էլ է «խաղի» բաղկացուցիչ: Թուրքերը մի թեթև վրա կտան, մի քանի հայ զինվորականի կսպանեն կամ կգերեվարեն, եթե իրենց մոտ դա չստացվի, քավ լիցի, Նիկոլն ու նիկոլական հակահայ ռեժիմը այնպիսի իրավիճակներ կստեղծեն, որ թուրքերի համար ավելի հեշտ լինի հայերին վնասելը, որից հետո Նիկոլը իր սիրելի թուրքերին կնվիրի խոստացած «անկլավները», որոնք իրականում Հայաստանի բոլոր կարևոր ներքին ճանապարհների վրա ադրբեջանաթուրքական «բլոկ-պոստեր» են:

Այսինքն, ՊՆ-ն ոչ թե բերնից թռցրել է՝ բանակցությունների մասին, այլ իրականում այդ ստոր ու հայրենադավ խաղի իր մասն է ապահովում: Ի դեպ, նույն խաղի շրջանակում է նաև սահմանազատման մասին այսպես ասած տեղեկատվական արտահոսքը, որը նույնպես կոնկրետ հաշվարկի մեջ է:

Եվ քանի որ հայ համարվող հասարակության մեծ մասը ապագայի վերաբերյալ միայն խաղաղ մեռնելու կամ «խաղաղորեն» սպանվելու նպատակ ունի, ինչպես պարզվեց հունիսի 20-ին, ապա Նիկոլ-Ալիև պայմանավորված «խաղն» ընթանում է ամբողջ թափով: Ի վերջո, Արցախն էլ գրեթե նույնական սխեմայով Նիկոլն ու նիկոլականները ուղղակիորեն նվիրեցին Ալիևին ու թուրքերին:

Այս համատեքստում հետաքրքիր է այն, որ ասպարեզում եղած ուժերից միայն Հայաստանի ազգային փոքրամասնությանը ներկայացնող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հնարավորինս արագ արձագանքեցին առկա իրավիճակին՝ տարածած համատեղ հայտարարությամբ: Մյուսները, հատկապես Նիկոլի վարտիքի գրպանում հարմարավետ տեղավորված «ռամ-զամ-զամ» կատեգորիայի սպասարկուների հեչ պետքն էլ չէ, բնականաբար, իրենց «առաքելությունն» այլ է՝ նիկոլական ռեժիմի դամքաշությունը, երբ սկսվի, օրինակ, Վայքի կամ Սիսիանի հանձնում-նվիրատվությունը թուրքին։

Ինչ վերաբերում է կոնկրետ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների հայտարարությանը, ապա առանձնապես կարևոր է շեշտադրումը, որ 1․ թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները չեն լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները: Եվ երկրորդ՝ հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի ՊՆ հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության և ընթացքի վերաբերյալ:

Ուշագրավ է և այն, որ դաշինքների համատեղ հայտարարության վերաբերյալ սոցցանցային արձագանքներում քիչ չէին դիտարկումներն ու դիտողությունները, հորդորները՝ գործողությունների դիմելու վերաբերյալ: Առնվազն հասարակության ակտիվ հատվածում, ըստ այնմ, կան, խմորված են նման տրամադրություններ, ինչը կարևոր է նկատի ունենալ:

 

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ