22 07 2021

Կալանավորվել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը

Կալանավորվել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ Ռոբերտ Սուքիասյանն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Ն.Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Ն.Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:

Այնուհետև Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռոբերտ Սուքիասյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է: Խաչատուր Սուքիասյանը հուլիսի 19-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր արել՝ անդրադառնալով հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպին: «Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,- գրել էր Սուքիասյանը:

 

Հուլիսի 19-ին Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը հայտնել էր, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է՝ ընդգծելով, որ ձերբակալությունը ոչ իրավաչափ է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ