Hraparak.am-ը գրում է.
Հուլիսի 14-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Գորիսում կրակոցներ են հնչել։ Մամուլը գրեց, որ իրար վրա են կրակել Սյունիքի նախկին ու ներկա մարզպետների որդիները՝ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանը եւ գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդի Կարենը։ Կրակոցների հետեւանքով ծանր վիրավորվել են Սուրիկ Խաչատրյանի աներորդին եւ Կարեն Պողոսյանի ընկերը։ Նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում։ Քննչական կոմիտեն ընդամենը մեկ հաղորդագրություն է տարածել, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն եւ այլն։
Ու ոչ մի խոսք կասկածվող անձանց, բերման ենթարկվածների, ձերբակալվածների ու հարցաքննվածների մասին։ Նրանց դեռ չեն գտել։ Ամբողջ մամուլը օրեր շարունակ գրում էր, որ կրակել է գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին, իսկ իրավապահները փնտրում են, փնտրում ու չեն գտնում։ Ակնհայտ է, որ գործը փորձում են կոծկել եւ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն ջրից չոր դուրս բերել։ Իսկ թե ովքեր են կրակել Կարենի ընկերոջ ու նախկին մարզպետի աներորդու վրա, ոչ ոքի հայտնի չէ։ Ստացվում է՝ պատմությունը կրկնվում է․ նախկինում մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ու նրա որդին էին տեռորի ենթարկում մարզն ու բռնություններ գործադրում մարդկանց նկատմամբ՝ անպատիժ մնալով, հիմա՝ Մելոն ու իր տղան, եւ պարզվում է, որ ոչ ոք ոչինչ չի տեսել, անգամ տուժողները հրաժարվում են ցուցմունք տալուց, իսկ իրավապահներն օրերով փնտրում՝ «չեն գտնում» հանցագործներին։ Ավելի ճիշտ՝ ոչ էլ փնտրում են, որ գտնեն։
Քննչական կոմիտեի խոսնակ, նախկինում սպորտային մեկնաբան Վարդան Թադեւոսյանը մեզ հետ զրույցում մի քիչ տարօրինակ մեկնաբանություններ տվեց կատարվածին։ Երբ հարցրինք՝ տուժողներից բացի ուրիշ մարդիկ կա՞ն, որոնք ձերբակալվել են կամ կասկածվում են, հարցաքննվել են, ասաց․ «Ոչ, ոչ։ Ուրեմն երկու տուժողները՝ Հարություն Վարդանյան, Մելիք Վարդանյան, իրենք հրաժարվել են ցուցմունք տալուց, փաստաբան են ուզում, չգիտեմ՝ ինչի համար, եւ քննիչները ոստիկանների հետ միասին լայնածավալ քննչական եւ հետախուզական աշխատանքներ են տանում՝ դեպքի մանրամասները ճշտելու համար»։ Դիտարկմանը, թե մամուլում գրվել է՝ ով ում վրա է կրակել, Թադեւոսյանն այսպես արձագանքեց․ «Դե, մամուլում գրվածները գուցե ենթադրություններ են, ես չգիտեմ։ Մենք մինչեւ չունենանք պաշտոնական ինֆորմացիա, ես չեմ կարող ոչ մի բան, ըստ Ձեր եզրակացության, ասել»։
Կայքը հիշեցնում է, որ մամուլի բազմաթիվ հրապարակումներ նույն Քննչական կոմիտեն, դատախազությունը, երբ իրենց հարմար է, ընդունում են որպես հիմք եւ ընթացք են տալիս։ Բացի այդ՝ չեն հավանում մամուլի հետաքննությունները, թող իրենք հետաքննեն ու պարզեն իրականությունը։ «Եղբայր, նայեք, ես հիմա տալիս եմ էն տեղեկանքը, որն ինձ տալիս է Քննչական վարչությունը՝ Սյունիքի մարզում։ Իրենք ուղարկել են ինձ տեղեկանք, եւ տեղեկանքում ինչ կա, ես ասում եմ, հրապարակում եմ։ Ես էլ շատ բան լսեցի, շատ բան գիտեմ․․․ բայց ես ավել բան չեմ կարող հրապարակել»,- ասաց նա։
Այսինքն՝ քննիչները դեռ չե՞ն կարողացել պարզել, թե ով է կրակել այդ մարդկանց վրա, կամ գուցե իրենք են կրակել։ Թադեւոսյանն ասաց․ «Ոչ, ամենայն հավանականությամբ, էդ ինֆորմացիան պիտի տան տուժողները, իսկ տուժողներն էսօր հրաժարվել են ցուցմունք տալուց, փաստաբան են պահանջել, հիմա տեսնենք՝ փաստաբանի ներկայությամբ նրանք ինչ կասեն»։ Այսինքն՝ եթե տուժողները ցուցմունք չտան, գործը կփակվի՞, քննիչները չեն կարողանա այլեւս բացահայտել՝ ով ում վրա է կրակել։
«Էդ դեպքում քննիչները գուցե ուրիշ աշխատանքով կարողանան արդեն պարզել, չգիտեմ։ Հիմա լայնածավալ քննչական, հետախուզական աշխատանքներ են իրականացվում, բնականաբար՝ հույսը չեն դնի երկու տուժողի վրա, որոնք հրաժարվում են ցուցմունք տալուց, չգիտեմ։ Կգա մի ժամանակ, որ նրանք էլ անպայման կհարցաքննվեն կամ կհրաժարվեն։ Ցուցմունք չտալու համար էլ, արդեն, տեսնենք ինչ կլինի»,- մեկնաբանեց Քննչական կոմիտեի խոսնակը։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մոտավորապես նույն պատասխանները տվեց, ասաց, որ եթե Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ քրեական հետապնդման մասին տեղեկություններ չկան, բնականաբար, քրեական հետապնդում այս պահին չկա։ Մեր դիտարկմանը, թե ստացվում է՝ դեպքը փորձում են կոծկել, քանզի երկու հոգի կրակոցների հետեւանքով հայտնվել են հիվանդանոցում, ու իրավապահները չեն կարողանում պարզել, թե ով է կրակել, դատախազի խորհրդականն ասաց․ «Չէ, դա չի նշանակում, որ դեպքը կոծկվում է, դա նշանակում է, որ նախաքննություն է իրականացվում, ապացույցներ են ձեռք բերվում, ամբողջացվում, որի հիման վրա նոր քրեական հետապնդման հետ կապված հարցը կլուծվի»։
Իսկ Սյունիքի համայնքապետերին ձերբակալելու եւ կալանավորելու համար այսքան ժամանակ չպահանջվեց, ոչ էլ հիմքերի հետեւից ընկան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը