14 07 2021

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ. ամփոփագիր

ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ. ամփոփագիր

 ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Արցախյան հիմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք հաճախ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունման։

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների ամփոփագիր՝ հունիսի 23 - հուլիսի 13, 2021թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի ԱՄՆ Արևելյան ափի հանձնախմբերի տևական և նպատակասլաց աշխատանքի արդյունքում հունիսի 30-ին ամերիկյան Նյու Ջերսի նահանգի կողմից ճանաչվել է Արցախի Հանրապետության անկախությունը: Նման որոշման ընդունումը մեկ անգամ ևս ապացուցում է` Արցախի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունեցող անշրջելի գործընթաց է։ Արցախի Հանրապետության միջազգային հարաբերությունների ընդլայնման ցանկացած նոր դեպք Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրվող մեկուսացման քաղաքականության հերթական ճեղքումն է։

Նյու Ջերսիի օրենսդիր մարմինը նաև դիմել է նախագահ Բայդենին և ԱՄՆ Կոնգրեսին՝ խնդրելով, որպեսզի Սպիտակ տան վարչակազմը նույնպես ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ Նահանգային օրենսդիրը ԱՄՆ Սենատին նաև կոչ է արել օժանդակել ֆեդերալ սենատոր Մենենդեսի նախաձեռնություններին, որով ԱՄՆ-ն չի կարող որևէ օժանդակություն տրամադրել Արցախում միջազգային և մարդու իրավունքների նկատմամբ հանցանքներ գործած կողմին։

Անցնող շաբաթների ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքները գլխավորապես շարունակել են կենտրոնանալ ԱՄՆ կողմից «907-րդ բանաձևի» պահանջների կատարումն ապահովելու, Ադրբեջանին ֆինանսական և ռազմական օգնությունից զրկելու և Հայաստանին ու Արցախին շուրջ 250 մլն դոլար հումանիտար և վերականգնողական աջակցության տրամադրման վրա, որոնց ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ համալիր աշխատանքներ։

Այս ամենին զուգահեռ, Հայ դատի Ամերիկայի կենտրոնական, ինչպես նաև ԱՄՆ Արևելյան և Արևմտյան ափերի հանձնախմբերը սկսել են մի շարք կրթական և պրակտիկ ամառային ծրագրեր՝ տարբեր տարիքային խմբերի երիտասարդների համար, որոնց կփոխանցվեն հիմնարար գիտելիքներ՝ ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության վերաբերյալ։

Եվրոպա

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի և Բելգիայում Արցախի հետ բարեկամության խմբի համատեղ ջանքերով հատկացվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար: Նախատեսվում է կատարել ներքին և արտաքին վերանորոգման աշխատանք, կառուցել նոր սանհանգույց, ժամանակակից, տեխնիկապես հագեցած ճաշարան։ Կկահավորվեն և կարդիականացվեն դասասենյակները, կանցկացվի ջեռուցման նոր համակարգ։

Ըստ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդագրության` Եվրոպական խորհրդարանի կիպրացի պատգամավոր Կոստաս Մավրիդասը Բաքվի, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակի» վերաբերյալ ԵՄ դիքրորոշման մասին գրավոր հարցադրում է ուղղել  ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Ի պատասխան` հունիսի 25-ին ԵՄ բարձր հանձնակատարը նշել է․ «Ադրբեջանը պետք է խուսափի թշնամանքի և ատելության բորբոքումից»։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, դրական գնահատելով Բորելի պատասխանը, միաժամանակ նշել է, որ նույնիսկ տխրահռչակ պուրակը ոչինչ է այն հակահայկականության համեմատ, որ սերմանվում է պաշտոնական Բաքվի կողմից,  և՝ այն պատերազմական հանցագործությունների, որ իրականացրեց ադրբեջանական զինուժը։

Հուլիսի 13-ին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խստորեն դատապարտել է օտարերկրյա որոշ դեսպանների և դիվանագետների այցը Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի։ Գրասենյակը մասնավորապես նշել է. «Ադրբեջանի կառավարության կազմակերպած քարոզչական այցելությանը միանալու՝ դիվանագետների ցավալի որոշումն ընդամենը մի քանի ամիս առաջ Շուշիի և, ընդհանրապես, Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական ավտորիտար և հանցավոր ռեժիմի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների հաստատման ու օրինականացման դատապարտելի գործողություն է: Ցավալի է, որ Շուշի այցելած դիվանագետները չնախընտրեցին հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների օրինակին: Ընդունելով հրավերը՝ նրանք դարձան Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի քարոզչական արշավի մաս:

Ավելին՝ դրանով նրանք հարված հասցրին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Արցախի հակամարտության տևական, խաղաղ և արդար լուծում որոնելու ուղղությամբ: Բացի դրանից՝ Շուշի այցելած դիվանագետները լիովին անտեսել են այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և խոշտանգել ավելի քան 200 հայ ռազմագերիների՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական առևտրի գործիք, ինչը խախտում է 2020թ. նոյեմբերի հրադադարի եռակողմ հայտարարությունը։ Այն ստորագրված է նաև Ադրբեջանի նախագահի կողմից և նախատեսում է բոլոր գերիների և ռազմագերիների վերադարձ»:

Օտարերկրյա դիվանագետների այցելությունը Շուշի խիստ հակազդեցության է արժանացել Հայ դատի հանձնախմբերի կողմից, որոնք ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ հետագայում նման քայլերի իրականացումը բացառելու և հայ համայնքի արդարացի ցասումը իշխանություններին հասցնելու համար։ Հատկապես ակտիվ գործողություններ են ձեռնարկել ՀՅԴ Հայ դատի Նիդերլանդների և Հունաստանի հանձնախմբերը։

Մեծ Բրիտանիա

Ըստ ՀՅԴ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի տեղեկատվության` Միացյալ Թագավորության Համայնքների պալատում սկսվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական գործընթաց։ Օրինագիծը ներկայացվել է Լեյբորիստական կուսակցության անդամ Ջոն Սփելարի նախաձեռնությամբ։ Առաջին քննարկումը նախատեսվում է 2021թ․ դեկտեմբերի 10-ին։

Մինչ այդ  Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն օժանդակելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկել հայ ժողովրդի մեծ բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը և համայնքների պալատի անդամ Թոմ Լոթնը։ Մասնավորապես, հունիսի 23-ի նամակով նրանք քննադատության են ենթարկել բրիտանական այն կազմակերպությանը, որին ադրբեջանական կառավարությունը պատվիրակել է Շուշիի «վերականգնողական» աշխատանքները։ Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահները վերականգնող կազմակերպությունից պահանջել են անհապաղ դադարեցնել Ադրբեջանի կառավարության հետ պայմանագիրը։

Ավստրալիա

ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերով պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ է հավաքում՝ հետզհետե ներառելով հասարակական-քաղաքական, մտավորական նոր շրջանակների։ Հունիսի 25-ին Հայոց ցեղասպանության ֆեդերալ ճանաչման պահանջ են ներկայացրել Ուիլոուբի և Ռայդ քաղաքների քաղաքային խորհուրդները։ Նույն պահանջին է միացել նաև սենատոր Ռիչլ Սիվերթը։ 
Հունիսի 25-ին Կանբերայում ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի, ասորա-ավստրալական և ավստրալա-հունական կոմիտեների ներկայացուցիչները Ավստրալիայի քաղաքական շրջանակների հետ քննարկումներ են իրականացրել՝ ֆեդերալ մակարդակում երեք ժողովուրդների ցեղասպանությունները ճանաչելու համար։

Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ, ֆեդերալ պատգամավորներ Թրենտ Զիմերմանը և Ջոել Ֆիցգիբոնն էլ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնից պահանջել են հայտարարությամբ դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության շարունակվող խախտումները։

Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոն (ALC)

Վաշինգտոնում տեղակայված Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը,  համագործակցաբար Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ, ևս յոթ հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով։

«Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական քաղաքականությունը մարդկային կյանքի նկատմամբ այլասերված վերաբերմունքի օրինակ է: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարի քաջալերել բռնապետ Ալիևին և պահանջի, որպեսզի Ադրբեջանը կատարի 1949թ. ընդունված Ժնևյան կոնվենցիայի պարտավորությունները»,- հայտարարել է Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի ղեկավար, Հայ դատի երկարամյա գործիչ Քեն Խաչիկյանը։

ALC-ն, հուլիսի 7-ի հայտարարությամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների ղեկավարություններից պահանջում է անհապաղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս կատարի Ժնևյան կոնվենցիայի պահանջները և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ անվերապահ ազատ արձակի հայ ռազմագերիներին ու պատանդներին։ ALC-ի հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան և եվրոպական իշխանությունները գովաբանում են Ալիևի կողմից հայ գերիների պայմանական սակարկությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանը միջազգային օրենսդրությամբ պարտավոր է ազատել հայ ռազմագերիներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ