13 07 2021

Արցախի օկուպացված տարածքներից շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն․ ԱԻՊԾ

Արցախի օկուպացված տարածքներից շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն․ ԱԻՊԾ

2021 թվականի հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Արցախի  ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 717 զանգ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԻՊԾ-ից։

«Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է հրդեհի կանչերը: Գրանցված 21 կանչից 1-ը բռնկվել է տրանսպորտում, 9 չոր խոտածածկ տարածքներում և այգիներում, մյուս դեպքերը՝ այգիներում և ցանքատարածքների հարևանությամբ գտնվող չմշակված տարածքներում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, ժամանակին կատարել հրդեհաշիջման աշխատանքներ: 

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին յոթօրյա ժամանակահատվածում գրանցվել է 1 կանչ: Պատահարը տեղի է ունեցել Ասկերանի շրջանում: Տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները և «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ բժիշկները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն:

Շաբաթվա ընթացքում շարունակվել են զենք-զինամթերքի, չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները: Ծառայության սակրավորներն անցած շաբաթ վնասազերծել են BM-21 տեսակի 3 հրթիռ, թնդանոթի 125 մմ՝ 6 և 152 մմ տրամաչափի 2 արկ, հակատանկային ականի 22 պայթուցիչ, ականանետի 4 ական,հրթիռակասետային և գնդիակաբեկորային երկուական  ռումբ:

Կենցաղային բնույթի 38  կանչ է գրանցվել: Փրկարարները շաբաթվա ընթացքում տեխնիկական բնույթի օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու: Ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 2 համայնքի բնակիչների: Դռան և վերելակի բացման վերաբերյալ գրանցվել է 9 կանչ:

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը նշված ժամանակահատվածում իրականացրել են 4 ելք: Արցախի օկուպացված տարածքներից շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն: Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո փրկարարները տարհանել են 1604 աճյուն»,-նշված է ԱԻՊԾ շաբաթվա ամփոփիչ հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ