Բժշկական գիտությունների դոկտոր Արմեն Չարչյանը և բժիշկ-վիրաբույժ, «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանը հոդված են հրապարակել, որում անդրադարձել են առողջապահության թվայնացմանը․
«Հետաքրքիր մի վիճակագրություն ներկայացնեմ. Պարզվում է , որ Հայաստանում աշխատանքի բերումով ամենաշատ գրագրությունը անում են քննիչները, իսկ երկրորդ տեղում...... դե իհարկե բժիշկներն են: Պատկերացնում եք՞ : Մեր բժիշկները իրենց աշխատաժամանակի մեծ մասը ծախսում են ո՛չ թե բուժելու, այլ ինչ որ բան գրելու վրա: Գրագրություն է ամենուրեք և այն, գնալով, ավելի ու ավելի է շատանում: Եթե նայենք պոլիկլինիկայի միջին վիճակագրական բժշկի աշխատասեղանին, ապա թղթերի , քարտերի և մատյանների քանակից պարզ կդառնա, որ նա գրեթե ժամանակ չի ունենում պացիենտի հետ աշխատելու:
Բոլորիդ հետ պատահած կլինի, որ երբ կոնսուլտացիայի ես գնում ինչ որ բժշկի մոտ, պետք է հետդ տանես մինչ այդ արված անալիզներդ, ռենտգեն նկարներդ , սոնոգրաֆիայի և այլ հետազոտությունների պատասխաններդ: Շատերը նույնիսկ պոլիկլինիկայի իրենց քարտը տանում են տուն, որ հանկարծ չկորի: Հիվանդանոցներում , հարկից հարկ վազող, անալիզ հանձնող և հետո նորից վազելով այդ անալիզների պատասխանները հավաքող պացիենտը արդեն սովորական բան է դարձել: Ու սա 21-րդ դարում: Այս իրավիճակը արմատապես փոխել է պետք, և այդ ճանապարհով աշխարհը արդեն անցել է և անցնում է:
Առողջապահությունը պետք է թվայնացնել:
Հայաստանում պետք է գործի առողջապահության միասնական թվային հարթակ, որը բոլոր անհրաժեշտ տվյալները ավտոմատ ռեժիմով կստանա այլ ծառայությունների բազաներից, կմշակի և կվերլուծի: Այդ հարթակին պետք է միացվեն հանրապետության բոլոր բժշկական կազմակերպությունները՝ այդ համակարգի առաջարկած ծրագրային ապահովումով, կամ նրա հետ ինտեգրվող ծրագրերով, որոնք գուցե կմշակվեն այլ կազմակերպությունների կողմից: Յուրաքանչյուր պացիենտի բոլոր տվյալները, պատվաստումները, բուժումներն ու հետազոտությունները պետք է հասանելի լինեն բժշկին այդ թվային հարթակում: Թղթի վրա գրվող եզրակացություններ կամ պատասխաններ այլևս չպետք է լինեն:
Հանուն արդարության պետք է ասել, որ Հայաստանում ներկայումս արդեն գործում է մի նման հարթակ՝ ArMed թվային հարթակը, որի ստեղծման աշխատանքները սկսվեցին 2013-ից, իսկ շահագործումը սկսվեց 2017-ից: Սակայն, այդ հարթակը դեռ գործում է հիմնականում, որպես առողջապահական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների ընդունման , նրանց ֆինանսավորման և պետության հետ փոխհարաբերվելու գործիք: Որպեսզի այն դառնա լիարժեք թվային հարթակ, որի հիմնական առաքելությունը կլինի քաղաքացու առողջության անձնագիր և շտեմարան դառնալը, դեռ շատ ճանապարհ կա անցնելու:
Հեռու չէ օրը, երբ արհեստական բանականությունը կսկսի օգնել բժշկին, պացիենտին դրվող ախտորոշման, նշանակվող բուժման, դեղերի հնարավոր փոխազդեցությունների և ճիշտ դեղաչափերի նշանակման հարցում: Աշխարհում արդեն իսկ այսօր, նման համակարգեր կիրառվում են ճառագայթային և ֆունկցիոնալ ախտորոշման, պաթոհիստոլոգիայի և այլ ոլորտներում:
Քաղաքացին իր նույնականացման քարտով պետք է կարողանա մուտք գործել այդ հարթակ, տեսնել իր հիվանդությունների պատմությունները, ախտորոշումները, հերթագրվել բժշկի ընդունելության, ստանալ դեղատոմս կամ ցանկացած բժշկական տեղեկանք:
Բայց առողջապահության թվայնացումը միայն պացիենտի կարիքների համար չէ: Հիվանդանոցների կառավարման էլեկտրոնային համակարգերը կօգնեն կառավարիչներին ստանալ մեծածավալ բայց հավաստի անալիտիկ տվյալներ իրենց հիվանդանոցի արդյունավետության, ֆինանսական ցուցանիշների, պացիենտների հոսքի, ծառայությունների զբաղվածության, նույնիսկ առանձին վերցրած բժշկի աշխատանքի արդյունավետության մասին: Հիվանդանոցի կառավարումը կդառնան ապացուցողական, այլ ոչ թե ինտուիտիվ և մոտավորապես:
Բժշկագիտությունը նույնպես կշահի, քանի որ տվյալների ստացման , մշակման , անալիտիկայի նոր գործիքներ կառաջանան: Համակարգում պացիենտների տվյալների ներմուծմանը զուգահեռ, մենք միանգամից կստանանք մի շարք հիվանդությունների համապետական ռեգիստրներ, իսկ այդ ռեգիստրների կարևորությունը գիտեն մասնագետները:
Շատ ավելի պաշտպանված կդառնա նաև բժշկական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը, որովհետև հարթակը կգրանցի, թե երբ և ով է ստացել, փոփոխել կամ արտահանել այդ ինֆորմացիան:
Իհարկե այս համակարգերի ներդրումը շատ գումար է պահանջում և տևական ժամանակ, սակայն դրան գնալ է պետք միանշանակ: Քայլ առ քայլ, հետևողականորեն, տարիների ընթացքում, բայց առանց դրա չկա առաջընթաց:
Մեր բժիշկները պետք է պացիենտ բուժեն, այլ ոչ թե թուղթ լրացնեն:
ԵՎ վերջում, ուզում եմ ներկայացնել մի նկար, որը պետկերավոր ցույց է տալիս, թե ինչին ենք ձգտելու հասնել Հայաստանի առողջապահությունում.
Հագանքներով՝
Արմեն Չարչյան
Սամվել Սողոմոնյան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը