02 06 2021

Որևէ հայտարարություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր հերոսների մասունքների նկատմամբ. Մայր Աթոռ

Որևէ հայտարարություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր հերոսների մասունքների նկատմամբ. Մայր Աթոռ

Մայր Աթոռն անդրադարձել է ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի դիահերձարանի հատակին նետված ՀՀ զինծառայողների աճյունների մասին վկայող մամուլում տարածված լուրերին և դատապարտել զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Մայր Աթոռի  տեղեկատվական համակարգից:

Հաղորդագրության տեքստում ընդգծվում է, որ մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ են բերել հանրության, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։

«Որևէ պաշտոնական հայտարարություն և բերված պատճառաբանություն չի կարող արդարացնել նման անհարգալից վերաբերմունքը մեր ժողովրդի հերոս զավակների մասունքների նկատմամբ։ Հայրենիքի պաշտպանության և մեր ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի համար նահատակված քաջորդիների աճյունները, անկախ դրանց առնչությամբ իրականացվող գործընթացների, պետք է արժանանան պատշաճ ուշադրության։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստագույնս դատապարտում է կատարվածը։ Այսօրինակ երևույթներն ավելի են խորացնում պատերազմի արհավիրքը վերապրած մեր ժողովրդի ցավն ու տառապանքը և անվստահություն հարուցում պետական պատկան կառույցների նկատմամբ, որոնք կոչված են օր առաջ կարգավորելու առկա զգայուն խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որոնք փաստում էին, ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների դիեր են եղել, որոնք պահվել են ոչ պատշաճ պայմաններում:

Հունիսի 2-ին ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և Արցախյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի և մասունքների պահման գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:Ավելի վաղ համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որոնք փաստում էին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների դիեր են եղել, որոնք պահվել են ոչ պատշաճ պայմաններում: Այսօր Աբովյանի դիահերձարանի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ