20 04 2021

Վարդենիսում սոցիալական բունտ է հասունանում Սոտքի հանքի պատճառով

Վարդենիսում սոցիալական բունտ է հասունանում Սոտքի հանքի պատճառով

Նաիրի Հոխիկյանը գրում է.

«Երեկ զրուցում էի Վարդենիսի բնակիչ Զավեն Ավետյանի հետ, ում որդիները աշխատում են Սոտքի ոսկու հանքում և ապրիլի աշխատավարձն ստանալիս կանգնել են փաստի առաջ։

Նախկինում 400․000-500․000 աշխատավարձ ստացող հանքափորներն այսուհետ ստանալու են 117․000 դրամ՝ պատճառաբանելով, թե արդյունահանման ծավալներն են նվազել, մինչդեռ աշխատողներն ասում են՝ հանքը գործում է ամբողջ հզորությամբ, նույնիսկ ադրբեջանական սահմանապահներն են որոշ հատվածում հետ գնացել։

Վարդենիսցիները որոշել են իրենց դժգոհությունն արտահայտել գործադուլով և ճանապարհն ու երկաթգիծը փակելով։ Զավեն Ավետյանն ասում է՝ ապրիլի 15-ից իրենք բողոքի ակցիա են անում, բայց մինչև այժմ ոչ կառավարությունն է պատշաճ կերպով արձագանքել, ոչ էլ հանքի ղեկավարությունը։

Ես ճշտեցի, որ միայն Գեղարքունիքի մարզպետարանն է ապարդյուն փորձել կարգավորել խնդիրը, թեպետ դա մարզպետարանի իրավասություններից դուրս է։

Սոցիալական խնդիրներից զատ, սահմանապահ համայնքների բնակիչների նկատմամբ այսպիսի վարքագիծը առնվազն վիրավորական է նաև այն առումով, որ նրանք մասնակցել են 2020-ի պատերազմին և նաև մեծ թվով կորուստներ ունեցել։ Զավեն Ավետյանը Արցախում սեպտեմբերի 29-ին վիրավորվել է և կորցրել ոտքը, բայց մինչև այժմ պետությունից ֆինանսական որևէ աջակցություն չի ստացել։ Զավենի որդիները ևս մասնակցել են մարտերին, մեկը վիրավորվել է, ապա վերադարձել և պատերազմից հետո կրկին անցել աշխատանքի հանքում։

Եթե հանքը մասնավոր սեփականություն է և կարող է կամայականությունների ենթարկվել, ապա կառավարությունը պարտավոր է պաշտպանել իր պետության և քաղաքացիների շահերն ու անվտանգությունը։ Եթե ոլորտային նախարարները ալարում կամ վախենում են անձամբ շփվել մեր հայրենակիցների հետ և գերադասում են Ֆեյսբուքում ճամարտակել, ապա առաջիկա օրերին ինքս կգնամ Վարդենիս»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ