08 04 2021

Սպասվում են լայնածավալ կրճատումներ․ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու բլեֆը

Սպասվում են լայնածավալ կրճատումներ․ ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու բլեֆը

Նոյեմբերից, նախնական հաշվարկներով, մոտ 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր ու կարևոր գործոն ենք ներմուծելու»,- հայտարարեց նա։

Իրականում Նիկոլ Փաշինյանը ուսուցիչների աշխատավարձի մասին խոսելիս մի շատ կարևոր բան չասաց, ինչպես նաև չասաց, թե ինչ միջոցներով են բարձրացնում աշխատավարձը, եթե թոշակն անգամ արտաքին պարտքի հաշվին են տալիս։

Սպասվում է ամբողջ ուսուցչական անձնակազմի որակավորման գործընթաց։ Ըստ Yerevan.Today-ի աղբյուրների, խնդիր է դրված ազատվել թոշակի տարիքում գտնվող ուսուցիչներից։ Նրանք որակավորման այս փուլը չեն անցնի և դուրս կգան համակարգից, որոնց հաշվին էլ կարվի ծախսերի տնտեսումը, և կբարձրացվի մնացյալ ուսուցիչների աշխատավարձերը։ Սակայն, կառավարությունը նրանց չի կարողանում տալ սոցիալական երաշխիքներ, բայց, միաժամանակ, ուզում է, որ «հին սերունդն» այլևս չաշխատի դպրոցներում։ Ուրեմն, որակավորման գործընթացը պարզապես պատրվակ է՝ «հո ձեզ չենք ազատում, դուք մրցույթը չանցաք» ձևակերպմամբ նրանցից ազատվելու համար։

Նաև, շատ կարևոր է, որ ըստ մեր տեղեկությունների, տարեց ուսուցիչների փոխարեն նորերին չեն ընդունելու, դասաժամերը կավելացնեն և որակավորումը չանցած ուսուցիչների աշխատավարձը կբաժանեն մյուսների մեջ։

Ահա սա է նախատեսում անել կառավարությունը «ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա» նախընտրական կաշառքի ֆոնին։ Ու դա է պատճառը, որ աշխատավարձը բարձրացնելու են ոչ թե, օրինակ, մինչև հունիս՝ ընտրություններ, այլ այդ մասին բարձրացվում է նախընտրական շրջանում, բայց տալու են նոյեմբերին։ Նախատեսվում է, որ արդեն սեպտեմբեր ամսին մենք կունենանք «հեղափոխական» փոփոխությունը։ Սակայն հաշվի առնելով, որ այս իշխանությունը գրեթե ոչինչ ավարտին չի հասցնում, երբ ինչ պետք է իրեն ասում է ասելու համար, հանարավոր է ուղղակի խոսում են, խոսելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ