25 03 2021

Փաստորեն մի հատ էլ հաստիքային հեքիաթասաց են աշխատանքի նշանակել․ Անդրանիկ Թևանյան

Փաստորեն մի հատ էլ հաստիքային հեքիաթասաց են աշխատանքի նշանակել․ Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներին և Էկոնոմիկայի նախարարի հայտարարություններին: Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանում զրոյական ներդրումային մթնոլորտ է, խայտառակ բիզնես միջավայր, գործող վարչապետի պարագայում նոր պատերազմի ու պարտության վտանգ կա, արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ սպասողականության ու անորոշության մեջ է հայտնված բիզնես դասը, և այս պայմաններում երկնիշ աճ խոստանալն ու հեքիաթներ պատմելը նշանակում է, որ դրա հեղինակը իրեն հավատացողներին, իր բնորոշմամբ՝ էշի տեղ դրել: Թևանյանի գրառումը՝ ստորև.

«ՀՀ Վիճկոմը հրապարակել է 2021թ․ մարտի 25-ի դրությամբ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոցուցանիշները։

Ըստ այդմ՝ այս տարվա հունվար-փետրվարը 2020թ.–ի հունվար–փետրվարի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշով (ՏԱՑ) զիջում է 6,7 տոկոսով։

 

Անկում է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։ Որոշ դեպքերում անկումը երկնիշ է։

Այսպես, 2021–ի հունվար-փետրվարին 2020–ի նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական

արտադրանքի ծավալը նվազել է 7,9 %, առևտրի շրջանառությունը՝ 11,3 %, ծառայությունների ծավալը

(առանց առևտրի)՝ 12,5 %, էլեկտրաէներգիայի

արտադրությունը՝ 5,8 %, արտաքին

առևտրաշրջանառությունը՝ 12,2 %, արտահանումը՝ 5,5%, ներմուծումը՝ 15,8 %:

Միակ ոլորտը, որը վերը նշված ժամանակահատվածում աճ է գրանցել՝ շինարարությունն է: Աճն ուղիղ 1 տոկոս է։ Հիշեցնեմ, որ նախորդ տարի այս օրերին շինարարությունն արգելված էր կորոնավարակային կարանտինի անցնելու պատճառով։ Հիմա «լոք դաուն» չկա, բայց անցած տարվա համեմատ 1 տոկոս է աճը։

Աճ կա նաև գների, մեր երկրի արտաքին պարտքի ավելացումների տեսքով։

Նույն բացասական պատկերն ենք ստանում, երբ համեմատում ենք նախորդ տարվա փետրվարն այս տարվա փետրվարի հետ։ 2021-ի փետրվարին ՏԱՑ-ը 5,3 տոկոսով պակաս է 2020-ի նույն ամսվա ՏԱՑ-ից։ Ուշագրավն այն է, որ Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը համեմատել է այդ ցուցանիշը ու հանգել այն եզրակացության, որ ՏԱՑ 5,3-տոկոսանոց անկումը վկայում է, որ մեր տնտեսությունը համարյա վերականգնվել է։ Հիմնավորումն էլ այն է, որ անցած տարվա փետրվարից այս տարվա փետրվարը մեկ օրով պակաս է եղել։

Նախարարին կարելի է Նոբելյան մրցանակի արժանացնել այդ եզրահանգման համար։ Նա թվային աճպարարության ու գերլավատեսական եզրահանգման բացառիկ օրինակ է ցույց տվել՝ ապացուցելով, որ արժանիորեն է հայտնվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունում։

Այդ եզրահանգումից հետո համարյա Էկոնոմիկայի նախարարը վերահաստատել է իր նպատակը՝ 2021-ին երկնիշ տնտեսական աճ։ Նույն հաջողությամբ կարելի էր որպես նպատակ ֆիքսել այս տարի տիեզերք թռչելն ու վերահաստատել այն։ Սուտ խոստումներ տալն ու հեքիաթ պատմելը հո փողով չէ՞։

Հայաստանում զրոյական ներդրումային մթնոլորտ է, խայտառակ բիզնես միջավայր, գործող վարչապետի պարագայում նոր պատերազմի ու պարտության վտանգ կա, արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված սպասողականության ու անորոշության մեջ է հայտնված բիզնես-դասը։ Այս պայմաններում երկնիշ աճ խոստանալն ու հեքիաթներ պատմելը նշանակում է, որ դրա հեղինակը կա՛մ էշ է, կա՛մ իրեն հավատացողներին է էշի տեղ դրել, կա՛մ երկուսը միասին։

Նիկոլ Փաշինյանի ստերը հերիք չէին։ Փաստորեն մի հատ էլ հաստիքային հեքիաթասաց են աշխատանքի նշանակել։

Ի դեպ, Էկոնոմիկայի նախարարը շատ վատ համբավ ունի բիզնես միջավայրում, ինչը լրացուցիչ փաստարկ է տնտեսական երկնիշ աճ ապահովելու նրա նպատակադրման մեջ։

Հ․Գ․ Միայն այն հանգամանքը, որ մարդը խայտառակ կապիտուլյացիայից հետո համաձայնել է պաշտոն ստանալ հայ ժողովրդին պարտության տարած վարչապետից, արդեն շատ վատ է խոսում նշանակվողի մասին»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ