25 03 2021

Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերը

Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտում մեր օրակարգը, փոխգործակցության հարցերը, նաև այն ծրագրերի ընթացքը և հետագան, որոնք այսօր Արցախի կառավարության հետ համատեղ իրականացնում ենք: Ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «ճանապարհային քարտեզ»-ի կարևորագույն կետերից մեկն Արցախի բնականոն կյանքի վերականգնումն է: Պետք է արձանագրել, որ մենք այս պահին ունենք բավականին շոշափելի արդյունքներ, բայց իհարկե անելիքների ծավալը շատ մեծ է և կարևոր է, որ մեր քաղաքական վճռականությունն ու հանձնառությունն արտահայտենք այդ անելիքն ամբողջ ծավալով իրականացնելու և Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլև հետագա զարգացման մասին խոսենք, այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնենք: Իհարկե, ամենատարբեր մակարդակներում այս ընթացքում քննարկումները ոչ մի օր չեն դադարել, համատեղ որոշումներ են կայացվել և այսօր մենք կամփոփենք մինչև այժմ տեղի ունեցած քննարկումների արդյունքները և որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերենք հետագա անելիքների վերաբերյալ»:

Իր հերթին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է. «Ցանկանում եմ ողջունել և պարոն վարչապետ շնորհակալություն հայտնել այս հանդիպումը նախաձեռնելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև հետպատերազմյա ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կապակցությամբ: Արդյունքները շոշափելի են այն առումով, որ բնակչության մեծ մասը, Արցախի Հանրապետության մոտ 120 հազար քաղաքացիներ այսօր բնակվում են Արցախում և բնականոն կյանքի առումով կարծես թե հաջողվել է ապահովել այն ամենն, ինչ պետք է:

Ունենք մինչև 30 հազար բնակիչներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, բարեբախտաբար շատ քիչ մասն է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Բայց ես ուզում եմ հետադարձ հայացք գցել 90-ական թվականնհերի հետ կապված, որովհետև մենք պատերազմից հետո ազատագրելով Մարտակերտի շրջանը՝ մեզ չհաջողվեց Մարտակերտի շրջանի բնակչության մեծ մասին հետ բերել Արցախ, քանի որ հապաղել ենք:

Մեր գլխավոր խնդիրը բնակարանաշինությունն է այս փուլում, սոցիալական վճարների առումով համարում եմ, որ դեռ մի քանի ամիս խնդիրը լուծված է և որևէ արցախցի ընտանիք չի ունենալու հացի խնդիր, քանի որ նպաստները և միանվագ տրամադրված գումարները ժամանակավոր բավարարում են: Բայց բնակարանների կառուցման, տրամադրման խնդրի և աշխատատեղերի, եկամտի ապահովման առումով ունենք շատ անելիքներ:

Մեր հիմնական խնդիրը ես համարում եմ բնակարանաշինությունը և, ըստ մեր պլանների, պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում: Երկրորդ կարևոր խնդիրը վնասների փոխհատուցման հարցն է, մեր շատ հայրենակիցներ կրել են մեծ վնասներ, որոնց փոխհատուցման առումով ևս մենք պետք է միասին որոշում կայացնենք»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ