ԱԱԾ-ն բացահայտել է մարտի դաշտից զենք-զինամթերքի ապօրինի ձեռք բերած և Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխած ևս մեկ անձի ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։
Պարզվել է, որ Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Ա.Բ.-ն, որպես ոստիկանության ծառայող, մասնակցելով Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողություններին, մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար բազմիցս մեկնելով Ջրականի (Ջաբրայիլի) տարածք, դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք։ Այնուհետև՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 ԱՄՆ դոլար գումարով իրացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել այլ անձի հետ: Սակայն, չի հասցրել իրացնել, քանի որ ապօրինի ձեռք բերած և պահած մեծածավալ զենքերը հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը