18 02 2021

Սփյուռքում գործող բժշկական ասոցիացիաների ուղարկած օգնությունը տեղ չի հասնում. antifake.am

Սփյուռքում գործող բժշկական ասոցիացիաների ուղարկած օգնությունը տեղ չի հասնում. antifake.am

Antifake.am-ը գրում է. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ, անհատներ ահազանգում են, որ իրենց կողմից Հայաստան և Արցախ ուղարկված հումանիտար, բժշկական օգնությունը չի հասնում հասցեատերերին: Կարող ենք հիշել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ կապված խնդիրները, որոնք ծագեցին պատերազմի ընթացքում` կապված հավաքված միջոցների ոչ նպատակային օգտագործման, կառավարությանը բյուջետային ծախսերն ապահովելու նպատակով գումար փոխանցելու, ինչպես նաև արտասահմանից հսկայական օգնության «անհետանալու» պատճառով:

Հատկանշական է, որ նման դեպքերի մասին ահազանգերը շարունակվում են: Մասնավորապես, AntiFake.am-ի տրամադրության տակ է հայտնվել Բոստոնի հայ-ամերիկյան բժշկական ասոցիացիայի անունից ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի հայկական բժշկական ասոցիացիաների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակը: Նամակը թվագրված է 2021թ. հունվարի 28-ով:

Նամակում ասոցիացիաների ղեկավարները իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնում այն հարցերի վերաբերյալ, որոնք ծագել են բժշկական սարքավորումների, պարագաների և դեղերի` Հայաստանում մաքսային տարատեսակ խնդիրների բախվելու պատճառով: Նրանք նշում են, որ սարքավորումները հասել են Հայաստան, սակայն շարունակում են մնալ մաքսատներում, սակայն մինչև հիմա նրանք դեռ չեն ստացել հստակ պատասխաններ, թե ուղարկված օգնությունը երբ է մաքսազերծվելու և դուրս գրվելու: Մեր հայրենակիցները մի քանի իրավիճակային օրինակներ են ներկայացնում. «Բարձր հոսքի թթվածնի խտանյութ արտադրող 4 սարքեր նոյեմբերի սկզբին Հնդկաստանից «FedEx»-ով ուղիղ ուղարկվել են Հայաստան: Նոյեմբերի կեսերից կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար չափազանց անհրաժեշտ այս սարքերը գտնվել են մաքսատանը և միայն վերջերս են մաքսազերծվել, սակայն այդպես էլ հասցեատերերին չեն հասել: Նամակի հեղինակները հույս ունեն, որ դրանք գտնվում են առողջապահության նախարարության տրամադրության տակ։

Մեկ այլ խնդիր է ծագել Նյու Յորքից և Հայ-ամերիկյան առողջապահական կազմակերպության Բըրնի կենտրոնի (Armenian American Healthcare Providers Organization (AAHPO)) կողմից Հայաստան ուղարկված օգնությունը, որ Երևան է հասել դեկտեմբերի 11-ին և դեռևս գտնվում է մաքսատանը: Դեռևս դեկտեմբերի սկզբից մաքսատանն է գտնվում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ Սան Ֆրանցիսկոյից ուղարկված մեծ օգնությունը` հիվանդանոցային, բժշկական, օրթոպեդիկ, վիրակապման պարագաներ:

Նամակի հեղինակները նշում են, որ դրամահավաքի, դեղերի, պարագաների և սարքավորումների անվտանգ նվիրաբերման, պահեստավորման և Հայաստան տեղափոխման վրա ահռելի թիմ է աշխատել, որոնց հիմնական նպատակը դրանք ժամանակին Հայաստան ուղարկելն է եղել:

Ինչպես և սպասելի էր, խնդիրներ են առաջանում նաև այն նվիրատուների և համայնքների հետ, որոնց ջանքերով ուղարկվել է մեծաքանակ օգնությունը: Նրանց հարցերին կազմակերպիչները չեն կարողանում պատասխանել, ինչն էլ թույլ է տալիս նվիրատուներին և բարերարներին մտածել, որ Հայաստանը չի գնահատում իրենց մտահոգություններն ու որևէ բանով օժանդակելու կամքը:

Այս իրավիճակով պայմանավորված` կազմակերպությունները, որոնք մինչ այդ զբաղված են եղել մեծ քանակությամբ հումանիտար օգնություն տրամադրելով, ժամանակավորապես դադարեցնում են օգնության նոր խմբաքանակի ուղարկումը: Ծրագրված խմբաքանակը ներառում է. ռենտգեն ախտորոշիչ սարքեր, վիրահատական, անեսթեզիոլոգիական սարքավորումներ, հիպերբարիկ թթվածնային թերապիայի պալատներ և կորոնավիրուսային հիվանդության բուժման, ինչպես նաև բժշկական այլ անհրաժեշտ պարագաներ:

Սփյուռքի մեր հայրենակիցները իրենց մտահոգությունն են հայտնում նաև 2021թ. ապրիլից ուժի մեջ մտնող նոր մաքսային կարգավորումների վերաբերյալ: Նրանք փաստում են, որ մաքսազերծման նպատակով պահանջվում են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք դժվար է ապահովել` կոչ անելով վերանայել նման մոտեցումը:

Նրանք երկու մեծ խնդիր են ներկայացնում. (1) այն, որ հումանիտար օգնությունը հավաքվում է բազմաթիվ կազմակերպությունների, հիվանդանոցների և անհատների կողմից, և շատ դեպքերում յուրաքանչյուր պարագայի փաստաթղթավորումը, որը պահանջում է հայկական կառավարությունը, անհնար է, (2) սահմանափակումներ են դրվում նաև անհատ բժիշկների կողմից սեփական բժշկական պարագաների տեղափոխման վրա, ինչը մասնագետները ամոթալի են համարում, քանի որ բժիշկները Հայաստան են գալիս կոնկրետ սահմանափակ ժամանակահատվածում և իրենց սարքավորումների կարիքն ունեն, այնինչ դրանք բավական երկար ժամանակ է` մաքսատանն են գտնվում:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` սփյուռքահայ գործիչները սկսում են վերանայել իրենց ռազմավարությանը, թե ինչպես լավագույնս աջակցել Հայաստանին և առողջապահության նախարարությանը` ներկայիս իրավիճակը կտրուկ փոխելու համար:

Նամակը ստորագրված է Սփյուռքում գործող և հայազգի բժիշկներին միավորող ասոցիացիաների ղեկավարների և ներկայացուցիչների կողմից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ