Դարձյալ երեքշաբթի է և տեղի է ունենալու սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստ։ Արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է այսօրվա նիստին և արդյո՞ք սպասվում է աջակիցների ակցիա՝ դատարանի դիմաց։
Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին։
«Այո, Նախագահը մասնակցելու է նիստին, սակայն, մենք խնդրում ենք մեր բոլոր բարեկամներին և թիմակիցներին դատարանի շենքի դիմաց բողոքի միջոցառում չանցկացնել։ Կարծում եմ, այդ դատավարության ֆարս լինելը վաղուց ապացուցված փաստ է, և պետք չէ այս ցուրտ եղանակին վտանգել առողջությունը՝ դա ևս մեկ անգամ արձանագրելու համար»։
Հիշեցնենք, որ 2020թ․ սեպտեմբերի 22-ի դատական նիստից առաջ Ռոբերտ Քոչարյանն ինքը դատարանի բակում հավաքված աջակիցներին դիմեց՝ ասելով․ «Շնորհակալություն ձեր ակտիվ աջակցության համար։ Դա և՛ ուժ է հաղորդում, և՛ տոկունություն, բայց նաև պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավականին երկար է տևելու։ Իմ օրացույցում երեքշաբթի օրը գոյություն չունի, ջնջված է, անիմաստ օր է, և չեմ ուզում, որ ձեզ մոտ էլ նույնը լինի։ Դրա համար ես կխնդրեմ՝ այստեղ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն։ Զբաղվեք ավելի կարևոր գործերով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը