30 01 2021

Պետական համակարգում մի մարդ չի գտնվել, որ հայտնի Արցախի հերոսի զոհվելու մասին․ Վրթանեսյան

Պետական համակարգում մի մարդ չի գտնվել, որ հայտնի Արցախի հերոսի զոհվելու մասին․ Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Պատերազմի 8րդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում։ Այդ մասին հայտնելու համար իրեն դիրքերից բերեցին հրամանատարական կետ, որտեղից հեռախոսով խոսեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Հիշում եք այդ օրերի համազգային ոգևորությունն ու #հաղթելուենք տրամադրությունները։ Իրեն ու ևս չորս հոգու հերոսի կոչում շնորհելու մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվեց, լրագրողներն իրենց տուն գնացին, խոսեցին մոր հետ, ով պարգևատրման մասին հեռուստացույցի լուրերից էր իմացել...

Հաջորդ օրը ՀՀ ԿԳԲԴՍՄ նախարարությունն էլ հայտարարեց, որ ոսկե մեդալով է պարգևատրում այն դպրոցը, որն ավարտել էր հերոսը։ (Մեկը հարցնի, թե պատերազմի թեժ օրերին ինչ կարևոր էր ափալ-թափալ դպրոցին (!) մեդալ շնորհելը, էլի... Էդ հսկա նախարարությունն այլ՝ ավելի առաջնահերթ անելիք չունե՞ր)։

* * *
Նոյեմբերի 26-ին Սարդարապատի համայնքի ֆեյսբուքյան էջից հայտնի դարձավ, որ Դավիթը զոհվել է։ Էջում գրել էին, որ այդ օրն իր հոգեհանգիստն է։ Լրատվամիջոցները պատճենեցին համայնքապետարանի էջի տեքստը, առանց որևէ լրացուցիչ մանրամասների։ Երկու օր անց էլ Դավիթի զոհվելու մասին գրել են ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսխորհրդի էջում։
Արդեն 4 ժամ է փորձում եմ հետևյալ տարրական ինֆոն գտնել Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի մասին.

• ծննդյան ամսաթիվ կամ գոնե թվական,
• մահվան ամսաթիվ
• զոհվելու հանգամանքները

Որևէ պաշտոնական աղբյուրում որևէ տեղեկություն չգտա։

Քանի որ հոգեհանգիստը նոյեմբերի 26-ին էր, ապա հուղարկավորել են ամենայն հավանականությամբ նոյեմբերի 27 կամ 28-ին: 2 ամիս անց (!!!) իր անունը դեռ չկա Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ցուցակներում։ Այսինքն օրենքով հասանելի ֆինանսական օժանդակությունը հուղարկավորությունից 2 ամիս անց ընտանիքը դեռ չի ստացել։

Հիմնադրամը շահառուներին գումար տրամադրելու որոշումները շատ արագ՝ օրերի ընթացքում է կայացնում, հենց ստանում է հերթական ցուցակները ՊՆ-ից։

Հասկանո՞ւմ եք, ամբողջ պետական համակարգում մեկ մարդ չի գտնվել, որ պաշտոնական որևէ հարթակում հայտնի Արցախի հերոսի զոհվելու մասին, գրի Հայրենիքի համար կյանքը զոհած երիտասարդի գոնե ծննդյան ու մահվան ամսաթվերը։
Իրենց պարգևավճարները 2 օր ուշանան, կհոշոտեն բոլորին, բայց զոհված հերոսի ընտանիքին հասանելիք գումարը կարող են ամիսներով չվճարել։

* * *
Տղե՛րք, ողջերով պետություն ենք պարտք ձեզ ու ձեր սերունդներին... Նիկոլավիրուսից ու նիկոլաթուրքերից ախտահանված հզոր պետություն, որն իր ողջ ու մեռած հերոսներին տեր կկանգնի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ