Նոյեմբերի 9-ին հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ 2020թվ. նոյեմբերի 13-ից հայկական ու ադրբեջանական կողմը մինչ այսօր շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնման և փոխանակման աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Երեկ, հունվարի 24-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: Վերջինս, նախնական տվյալներով քաղաքացիական անձ է:
Հայտնաբերված աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, ովքեր տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Վերջիններս կամ սպանվել են, կամ ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով մահացել:
Նախնական տվյալներով 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ:
Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Վարանդայի/Ֆիզուլի/, Ջրականի/Ջաբրայիլ/ և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիս ուղղությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը