Արցախի Դրմբոն գյուղի բնակիչները Մարտակերտի շրջանից դեպի Վարդենիս ճանապարհի շահագործման հնարավորություն ունենալու հարցով դիմել են ռուս խաղաղապահներին: «Վարդենիս տանող ճանապարհն անհասանելի է մեզ համար, մինչդեռ ադրբեջանցիները բեռնատարներով երթևեկում են և բեռներ են տեղափոխում Քարվաճառ: Մեր խաղաղ ակցիայի նպատակը ձեր ուշադրությունն այս հարցին հրավիրելն է, որպեսզի դուք պայմաններ ապահովեք այս ճանապարհով անվտանգ կերպով Վարդենիս հասնելու համար»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, որը խաղաղպահ ուժերի ներկայացուցչին խնդրել է հարցը փոխանցել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Ակցիայի մասնակիցներից մեկը շեշտել է, որ չեն կարողանում օգտվել Վարդենիս տանող ճանապարհից, ինչի պատճառով հարազատներին այցելելու համար 60 կմ-ի փոխարեն ստիպված են լինում 500 կմ տարածություն անցնել:
Ռուս զինվորականն, իր հերթին, նշել է, որ իրենց առաքելությունը խաղաղ է և կոչված է աջակցելու երկու ժողովուրդների միջև երկխոսությանն ու համակեցությանը: «Այդ հարցն առավել բարձր մակարդակում է որոշվում: Ես կանեմ ամեն ինչ, որ այդ խնդիրը լուծվի»,- ասել է ռուս զինվորականը՝ հավելելով, որ իրենց նպատակը նախևառաջ հրադադարի ռեժիմը պահպանելն է: Բնակիչների կողմից գրավոր խնդրանք է փոխանցվել ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը