News.am-ը գրում է․ «Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ջաբրայիլի եւ Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։ Նա ասաց, որ քաղաքացիական անձը տարեց տղամարդ է.
«Հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից։ Պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի իմանանք, թե այդ անձն արդյոք բեկորային մահացու վիրավորո՞ւմ է ստացել, թե՞ թուրքերն են սպանել։ Դին հայտնաբերվել է դաշտավայրային հատվածում»։ Թադեւոսյանը նշեց, որ զինծառայողները հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում եւ Կարմրակուճ-Հադրութ հատվածում։ Առ այսօր հայտնաբերվել է 1175 մարմին։ Նա հայտնեց, որ այսօր որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են. ուղղություններն են՝ Հադրութ, Մեղակավան (Ջաբրայիլ) եւ Կարմրակուճ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը