2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո, նոյեմբերի 13-ից առ այսօր, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ, հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով որոնողական աշխատանքներն իրականացվում են նաև այսօր:
Փրկարարական 3 ջոկատ այս պահին աշխատում է Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինյչպես նաև Մեխակավանում (Ջաբրաիլ):
Ծառայության տնօրենի նախաձեռնությամբ, փրկարարական ջոկատների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ինչպես նաև տեղանքին ծանոթ ուղեկցողները: Աշխատանքները չեն դադարի նաև առաջիկա օրերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը