Panorama.am-ը գրում է.
«Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեկտեմբերի 26-ին «Requiem/5․ Երազանքներ» հաղորդման մեջ հերթական անգամ շոկային բացահայտումներ ներկայացրեց։ Ճիշտ աշխատող ԱԱԾ կամ դատախազություն ունենայինք՝ գիշերով արդեն ձերբակալված կլիներ պատերազմը գիտակցաբար չկանխելու մեջ մերկացված վարչապետը։ Բայց դա տեղի չունեցավ, քանի որ գլխիվայր շուռ եկած մեր իրականությունում այսօր ոչ ոք իր տեղում չէ։ Այ, հենց սրան հասան երիտհայերը պետությունը 2 տարի 8 ամիս հետևողականորեն կազմաքանդելու արդյունքում։ Բայց այդ մասին չեմ ուզում խոսել։
Միքայել Մինասյանը փլուզված երազանքների շարքում ներկայացրեց նաև այն, որ Փաշինյանը Ադրբեջանին նվիրեց ազգային երազանք․«Նրանց պակասում էր հաղթանակը, որպեսզի սկսեն դառնալ ազգ։ Նիկոլ Փաշինյանը վերցրեց մեզանից մեր ազգային հաղթանակն ու նվիրեց ադրբեջանցիներին՝ անելով ամենակարևոր թշնամական ակտը»։
Երիցս ճիշտ է նա։ Մենք չենք գնահատում այն փաստը, որ ծնված օրվանից հայերիս մեջ գենով փոխանցվում է մեր ազգային ինքնության կոդը, և չենք էլ գիտակցում, որ ոչ բոլոր ժողովուրդներն ունեն այդ մեծագույն պարգևը։ Չունեցողները գիտեն դրա արժեքը։ Ժողովուրդների մենթալիտետների տարբերության մասին մեր զրույցներում ընկերուհիս՝ մոսկվայաբնակ քաղաքագետ Կարինե Գևորգյանը, քանիցս մեջբերել է ադրբեջանցի մի գիտնականի ցավով ասված խոսքերն այն մասին, որ «ադրբեջանցի ժողովուրդը դատապարտված է կործանման, քանի որ չունի հերոսներ ու երազանք»։
Դե, «օլդու Փաշինյա՛ն»․․․ փրկեցիր ադրբեջանցիներին կործանումից։ Տվեցիր նրանց և՛ հաղթանակ, և՛ հերոսներ, և՛ երազանք։ Հանձնեցիր նրանց ազգ դառնալու կոդը։ Սա գենային մակարդակում արված դավաճանություն է, եթե կարելի է այդպես ասել։ Մեր ազգային կոդը դրանից անշուշտ չանհետացավ, բայց թուլացավ և մի տեսակ ձևախեղվեց՝ անվերջանալի ստերի ու մանիպուլյացիաների ազդեցությամբ։ Այսօր արդեն շատ իրողություններ են սնում այն կասկածը, որ նախապես ծրագրավորված դավադրությունը պատերազմից սկսած թևակոխեց հաջորդ՝ հայությանը հոգեպես ջարդելու փուլ։
Եթե մինչև սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում իշխանությունը զավթածների քանդումները խորքային էին, բայց ոչ անշրջելի, ապա պատերազմը և դրան հաջորդած երեք ամիսների ամեն օրը հարցականի տակ են դնում մեր ապագան, քանի որ հարվածում են դարերով ընդունված նորմերին ու արժեքներին։ Խոսքն անգամ բարձրաստիճան պաշտոնյայի կոդեքսին չի վերաբերում, այլ մարդկային թույլատրելի պահվածքին։ Ամեն օր համոզվում ենք, որ գործ ունենք անմեղսունակ, անհայրենիք, առանց ներքին ցենզորի ապրող երևույթի հետ, ում համար գոյություն չունեն մարդու համար սահմանված «չի կարելիները»։ Դա է ապշեցնում և՛ մեզ, և՛ ամբողջ աշխարհին։
Աշխարհում չկա դեպք, որ պետական դավաճանություն կատարած ղեկավարը ոչ միայն հրաժարական չտա, այլև անամոթաբար շարունակի թշնամուն հողեր ծախելու ստանձնած պարտավորությունը։ Որ ղեկավարն այնքան հիմար գտնվի, որ մտածի թե հնարավոր է պետություն կառավարել՝ պատնեշված ոստիկանական 5-6 շարասյուններով։ Որ մարդ այնքան կարճմիտ լինի մտածելու համար, թե կվայելի հազարավորների արյամբ թաթախված և միլիոնների անեծքով շախաղված միլիարդները (ասում են՝ նույնիսկ Գրենլանդիայում հայեր կան)։
Այսօր տասնյակ հազարներն անզոր ցասում են ապրում այն գիտակցումից, որ մի հոգեշեղված դավաճան կարողանում է իր էշն առաջ քշելով տրորել մարդկանց ցավը, կորուստները, կորցրած հայրենիքի կսկիծը։ Վաղը մյուս օրը ախր չենք կարողանալու պատասխանել սերունդների հարցին՝ ո՞նց մի դավաճանի չկարողացանք հեռացնել; հայրենդավության բազում ապացույցներով ո՞նց տրիբունալի առաջ նրան անմիջապես չկանգնեցրինք; ո՞նց թույլ տվեցինք ու հանդուրժեցինք, որ որևէ պաշտոն չզբաղեցնող մի կին բունկերում ռազմական գործողություններ պլանավորի; և ընդհանրապես՝ ինչ աստիճանի մթագնման մեջ էինք, որ կուռք սարքեցինք օտարի գործիքին և վտանգեցինք երկրի անկախությունն ու պետության գոյությունը։ Սերունդներին հաստատ չեն բավարարի կցկտուր բացատրությունները մեր դրսևորած հանցավոր միամտության և անգործության կապակցությամբ։
Բայց նախքան սերունդներին բացատրություն թողնելը՝ նախ մենք ինքներս պետք է գիտակցենք մեզ հետ կատարվածը։ Վերլուծենք առնվազն վերջին 30 տարիները՝ հասկանալու համար, թե այդ ինչպես 2020 թվին հանկարծ հետ գահավիժեցինք միանգամից 100 տարի՝ հայտնվելով 1920 թվականի Հայաստանին սպառնացող նույն վտանգների առաջ։ Ինչպես ստացվեց, որ չգնահատեցինք ու պիտակավորեցինք 100 տարին մեկ ծնվող Ռոբերտ Քոչարյանի նման իսկական առաջնորդին, և թագավոր կարգեցինք 1000 տարին մեկ ծնվող ցածրագույն դավաճանին։ Ինչպես կարողացանք թանկարժեք անկախությունը չփայփայելու և նրա վրա չդողալու արդյունքում ստիպված լինել մտածել նրա հնարավոր կորստյան մասին։
Եթե գոնե հիմա խելացի լինենք՝ մեր ազգային ինքնությանը հասցված հարվածները կընդունենք որպես սթափեցնող ապտակներ և անփույթ չենք վերաբերվի այն ամենին, ինչ տվել են մեզ մեր գենն ու արյունը։ Աստված, Հող, Արյուն․․․ ահա մեր ուժն ու պահապանները, որոնք հիմա իրենք մեր պաշտպանության կարիքն ունեն։ Դրանք չկորցնելու համար ստիպված ենք սթափվել»։
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը