26 12 2020

Զոհված զինծառայողի հայրը պատրաստվում է դիմել դատարան. Panorama.am

Զոհված զինծառայողի հայրը պատրաստվում է դիմել դատարան. Panorama.am

Արցախի Մաճկալաշեն գյուղում՝ Ամարաս վանական համալիրի մոտակայքում հոկտեմբերի 19-ին նահատակված զինծառայող Արեն Միրզոյանի հայրը պատրաստվում է դիմել դատարան՝ որդու մահվան համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Ծնունդով Գորիսից, երկար տարիներ Ստեփանակերտում ապրած, Շուշիի տունը կորցրած, Արցախի գյուղատնտեսության նախարարության նախկին պաշտոնյան՝  Կարեն Միրզոյանը, ուսումնասիրելով պատերազմում զինծառայող որդու՝ Արենի  զոհվելու հանգամանքները, լսելով նրա մարտական ընկերներին, զոհվածների հարազատներին, բարեկամներին, հանգել է եզրակացության, թե Արենին, թե նրա մարտական ընկերներին, թե զինծառայողներից շատերին պատերազմի ժամանակ չեն տրամադրվել անվտանգության համար անհրաժեշտ պարագաններ։

Նա համոզված է, որ իր 18-ամյա որդին ու շատերն այսօր ողջ կլինեին, եթե ապահովված լինեին գոնե զրահաբաճկոններով, գլուխը պաշտպանող սաղավարտներով (каска), աշխատող հրետանու ձայնը խլացնող ականաջակալներով։

«Երբ հետադարձ հայացք եմ նետում, թե ինչ է կատարվել... Ամեն ինչ այնքան վատ էր կազմակերպված, ամեն ինչ այնքան ապաշնորհ էր։ Ամեն օր ի հայտ են գալիս նոր  հանգամանքեր, որոնք զայրացնում ու սարսափեցնում են ինձ, լցնում ցասումով»,-Panorama.am-ի հետ զրույցում նման որոշման պատճառների մասին պատմում է որդեկորույս հայրը։

Երկու ամիս առաջ զոհված ու Գորիսի պանթեոնում հուղարկավորված Արեն Միրզոյանի անունը դեռ ՊԲ կողմից հրապարակված ցուցակներում չի եղել։

Արենը բանակ է զորակոչվել  հուլիսին, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ անվճար ընդունվելու լուրն իմացել է արդեն զորամասում։ 70 օր զինծառայության մեջ գտնվող զինվորին առաջին օրից տարել են առաջին գիծ։ Հայրն ասում է՝ եղել է այնպիսի պայմաններում, որ շանս չուներ ողջ մնալու։ Հրետանավոր էր։

«Մեր երեխաների հերոսականությունը նման պայմաններում ոչ մի արժեք չունի, եթե նրանք չունեին անվտանգության նվազագույն պարագաններ։ Ուրեմն Արենը հեղուկ շատ էր սիրում, իրեն սուրճ էինք ուղարկել ծառայության ընթացքում, ասել էինք, պատրաստի, լից շիշդ, քիչ-քիչ կխմես։ Երեխան ասում է՝ իզուր էլ ուղարկել եք, շիշը փական չունի։ Ասեցի՝ բա փոխի, պատասխանեց՝ էէ, կեսից շատերի շշերը չեն փակվում։ Վիրավորվելու պահին  միանշանակ Արենը զրահաբաճկոն չի ունեցել, նաև  ականջակալ չի ունեցել։ Իր հետ ծառայող մի երեխա էր եկել մեր տուն, որ ամբողջությամբ պարալիզացված էր հենց պայթյունների ձայնի հետևանքով։ Իմիջիայլոց, հայտնի նկարով զինվորներից մեկը մահացել է պայթյունի ձայնից ականջներից արյունահոսության հետևանքով, ականջակալ չի ունեցել»,-պատմում է Կարեն Միրզոյանը։

Հայրը համոզված է, եթե որդու հագին լիներ զրահաբաճկոն, ապա նա ողջ կմնար, քանի որ բժշկական եզրակացության մեջ նշված է եղել՝ մահը վրա է հասել ներքին օրգանների՝ թոքի, սրտի վնասվածքի պատճառով։

Զոհված մարտական ընկերոջ հորը այցելած մաճկալաշենցի, մեկ ու կես տարվա զինծառայողը պատմել է՝ հրամանատարից զրահաբաճկոն են խնդրել, հրամանատարը կապվել է ինչ-որ մեկի հետ, պատասխանել են՝ հրետանավորին զրահաբաճկոն չի հասնում։

«Պատկերացնո՞ւմ եք։ Որդիս հրետանավոր էր, ու այս պատերազմում հրետանին եղել է ամենաթիրախավորվածը։ Եթե որդուս հագին զրահաբաճկոն լիներ, նա կփրկվեր։ Նա վիրավորում է ստացել կրծքավանդակի, որովայնի շրջանում։ Վրդովեցուցիչ է։ Արևմտահայերեն մի լավ բառ կա, տղեկներ։ Տղեկները, ի նկատի ունեմ Արայիկ Հարությունյանին ու Նիկոլ Փաշինյանին, երկուսին էլ անձամբ ճանաչում եմ, որ դեռ ինքնադրսևորվում էին, միանգամից իշխանություն ստացան ու փչացրեցին ամեն բան։ Ես իրադարձությունների էպիկենտրոնում եմ եղել, այնքան բախտներս չի բերել, որ գոնե մի բան ճիշտ չեն արել։ Այս ամենի հետևանքով ես կորցրել եմ ամենաթանկը, ես դատի եմ տալու, եթե ոչ այսօր, ապա վաղը նրանք պատասխանատվության են ենթարկվելու՝ և Հայաստանի, և Արցախի գերագույն-գլխավոր հրամանտարները, և Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությունը։ Ֆանտաստիկ բարդակ է եղել, սոդոմ-գոմոր, չէր կարող այսպես բանակը հաղթել, տղաններին կեցցե, որ կարողացել են այդքան դիմադրել։ Մի բան գոնե ճիշտ անեին...»,-ասում է Միրզոյանը։

Նրա խոսքով, որդին 24 օր առանց հերթափոխի եղել է կրակային կետում, որևէ անգամ հերթափոխ չի արվել։

«Այսինքն, իմ որդուն որևէ շանս չեն տվել ողջ մնալու, չզոհվելու»,-ասում է  հայրը։

Միրզոյանը դեռ փաստաբան չի ընտրել,  հավաքում է հիմնավորումներ, փաստեր՝ անկազմակերպ ռազմական գործողությունների, զինվորներին անվտանգության ապահովող պարագաններ չհատկացնելու, զինվորական համապատասխան պատրաստվածություն չանցած զինվորներին ամենասարսափելի պատերազմում ներգրավելու վերաբերյալ։

«Մի քանի օր թնդանոթին ծանոթացած զինվորին տանում են առաջնագիծ, առանց հերթափոխի պահում ես այնքան, մինչև կզոհվի։ Էլի փաստարկներ կլինեն, վստահ եմ, այդ մարդիկ պատժվելու են, ապաշնորհություն բառն այն չէ, ուղղակի հանցագործություն է տեղի ունեցածը։ Ես տեղեկություններ ունեմ, որ շատ մարդիկ հրամնատարի հետ խոսել են, իրենց երեխաներին պատերազմից փախցրել են՝  ապուշ-ապուշ ձևակերպումներով։ Է, շան տղեք, ասեիք, մենք էլ կփախցնեինք։ Ես ամենօրյա դժոխքի մեջ եմ, ամեն րոպե վերլուծում եմ... ես որպես օրինապաշտ քաղաքացի, իմ ընտանիքը սրան արժանի չենք, ես ասում եմ, ստահակները պետք է պատասխան տան»,-վրդովվում է Կարեն Միրզոյանը։

Նա ֆեյսբուքյան էջում նախաձեռնության մասին գրառում է  կատարել ու կոչ արել մյուս զոհվածների ծնողներին միանալ իր նախաձեռնությանը.

«ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԿԻՍՎԵԼ

Սիրելի հայրենակիցնե՛ր:
Որպես պատերազմում նահատակված զինվորի հայր, ես պատրաստվում եմ պատասխանատվության ենթարկել իմ որդու մահվան մեջ մեղավորներին: Ես համարում եմ, որ պատասխանատվության պիտի ենթարկվեն ԱՀ ՊԲ ղեկավարությունը, ԱՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարը և հայկական ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

Միաժամանակ, հայտնում եմ, որ ես ելնում եմ զինվորի տարրական անվտանգության համար անհրաժեշտ պարագաների բացակայության փաստից (ինչի պատճառով վրա է հասել որդուս մահը) իմ խորին դժգոհությունից, ինչպես նաև այն հանգամանքից, որ իմ որդին եղել է ընդամենը երկու ամսվա ծառայող և առանց հերթափոխի, ընդհուպ մինչև զոհվելը, գտնվել է մարտական ծառայության մեջ, ինչի իրավունքը նրա հրամանատարությունն իրավունք չուներ:

Կոչ եմ անում նմանատիպ բազմաթիվ դեպքերի արդյունքում իրենց որդիներին կորցրած ծնողներին կապվել ինձ հետ՝ խումբ կազմելու համար:

Մեղավորները պիտի պատասխան տան և կտան:
Իմ հեռախոսահամարն է. 033 250 665»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ