Կոչ ենք անում ձեզ, տիար Նիկոլ Փաշինյան, օր առաջ հրաժարական տալ, դադարեցնել բռնությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Այս մասին հայտարարություն-կոչ է տարածել Հայ եկեղեցու Ռումինիայի թեմի առոջնորդ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը:
Կոչը ներկայացնում ենք ստորե.
«Սիրեցյալ ժողովուրդ հայոց: Աշխարհասփուռ հայությունն այսօր ապրում է հայոց պատմության ծանրագույն ժամանակաշրջաններից մեկում: Մեր Սրբազան Հայրենիքի մի հատվածը, Արցախ աշխարհի մեծագույն մասը հանձնվել է թշնամուն, սասանված են Հայաստանի Հանրապետության սահմանները, Մեր ժողովուրդը վհատված է, հուսահատ ու խաբված, կան սոցիալական, տնտեսական ու առողջապահական բազում խնդիրներ, ունենք հազարավոր վիրավորրներ, հարյուրավոր ռազմագերիներ ու անհետ կորածներ, տեղահանվածներ, կանգնած ենք բազմաթիվ հրամայականների առջեւ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում:
Փաստ է եւ իրողություն, որ ներկայիս կառավարությունն ուղղակի ի վիճակի չէ երկիրը հանել այս ճգնաժամից, ավելին, իր ոչ խոհեմ ու ոչ հավասարակշռված քայլերի պատճառով ավելի է խորացնում ճգնաժամը եւ երկիրը տանում գահավիժման: Ակնհայտ է նաեւ, որ թեւակոխում ենք նոր մարտահրավերների եւ փորձությունների ժամանակաշրջան, որոնց ըստ արժանվույն դիմակայելու, զորանալու եւ հզոր Հայրենիք կերտելու ճանապարհին Մեզ անհրաժեշտ է ուժեղ ղեկավար, ազգային ու պետական շահը պաշտպանող կառավարություն եւ իշխանություն: Այս պահին առավել քան երբեւէ, կարեւոր է համախմբվել, չտրվել սադրանքների, սթափվել, դարձյալ ոտքի կանգնել, վեր հառնել մոխիրներից, հաղթահարել վհատությունն ու հուսահատությունը եւ շարունակել պայքարը:
Ուստի կոչ ենք անում ձեզ, տիար Նիկոլ Փաշինյան, օր առաջ հրաժարական տալ, դադարեցնել բռնությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Ռումանիոյ հայոց թեմը միանում է ձեր հրաժարականը պահանջող Ամենայն հայոց Հայրապետին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին, ՀՀ նախագահին, տասնյակ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, մտավորականներին, համայնքների ղեկավարներին, ՀԲԸՄ-ին, Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր հասարակական գործիչներին եւ, ի վերջո, հայ ժողովրդի գերակշռող մեծամասնությանը:
Բոլոր նրանք, որոնք կարծում են, որ վարչապետի հրաժարականը պահանջելով, Հայ Եկեղեցին կամ եկեղեցականը մտնում է քաղաքական դաշտ, չարաչար սխալվում են: Այստեղ արդեն քաղաքականության խնդիր չէ, քանզի Հայ Եկեղեցին կամ եկեղեցականը չի սատարում որեւէ քաղաքական ուժի կամ կուսակցության, այստեղ արդեն Հայրենիքի լինելության, մեր սահմանների անվտանգության, մեր սրբությունների պաշտպանության հարցն է, քանզի հայ ժողովրդի գլխին դարձյալ դամոկլյան սրի պես կախված է լինել չլինելու հարցը:
Հայ Եկեղեցին ու եկեղեցականը չեն կարող պարզապես անտարբեր լինել ու նայել, թե ինչպես ենք հայրենազրկվում, ինչպես է թշնամին հոխորտում եւ անարգել ել ու մուտք անում հայոց սահմաններ, իսկ գործող իշխանությունն անգործության է մատնված կամ ուղղակի անզոր է:
Բոլոր նրանք, որոնք այսօրվա իրադարձությունները եւ Հայոց Հայրապետի հորդորը համեմատում են հոկտեմբեր 27-ի կամ մարտ 1-ի դեպքերի հետ, ապա մեղմ ասած սխալվում են, քանզի այն ժամանակ Հայրենիքի կորստի վտանգի առջեւ չէինք, չունեինք հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ ու անհետ կորածներ: Այսօր իրադրությունը լրիվ այլ է, պահն օրհասական է:
Բոլոր նրանց, որոնք կարծում են որ Հայ Եկեղեցին կամ եկեղեցականը չպետք է խոսեն ու միջամտեն այսօր, ապա ուրեմն նույն տրամաբանությամբ հայ եկեղեցականը չպիտի մարտնչեր ու նահատակվեր պատերազմի ընթաքցքում, Հայ Եկեղեցին չպետք է օգներ հայոց բանակին եւ պետությանը ֆինանսապես եւ սոցիալական ծրագրերով, ապա ուրեմն աշխարհասփյուռ թեմերի բազում հայ հոգեւորականներ չպետք է բողոքի ակցիաներ եւ ցույցեր կազմակերպեին միջազգային տարբեր կառույցների առջեւ, ապա ուրեմն Հայ Եկեղեցին չպետք է հանգանակություններ կազմակերպեր Հայաստանում եւ Սփյուռքում՝ յաջակցություն Արցախի եւ մեր ժողովրդի: Շարքը կարող ենք թվարկել, քանզի բազում են Հայ Եկեղեցու կողմից պետությանը եւ կառավարությանը հատկացված օգնությունները՝ լինի հայոց բանակին, լինի կրթական, սոցիալական, մշակութային եւ բազում այլ ոլորտներում:
Հայ Եկեղեցին այսօր էլ, ինչպես հայոց պատմության բոլոր ժամանակահատվածներում, շարունակում է իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքից ներս, մանավանդ, երբ խարխլված են պետության հիմքերը եւ թշնամին ամեն օր սպառնում է մեզ: Թերեւս վերջին հարյուրամյակում հայ ժողովուրդն իրեն երբեք այսքան հուսալքված եւ կոտրված չի զգացել: Հայ Եկեղեցին եւ եկեղեցականը հանդարտության, սփաթության կոչ է հնչեցնում, բայց միեւնույն ժամանակ, գիտակցելով պահի ողջ լրջությունը, առավել չսրելու համար իրավիճակը, հորդորում է Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին հեռանալ՝ թույլ տալով ձեւավորել նոր՝ պետական ու ազգային արժեքներ կրող, պետական շահը պաշտպանող, ժողովրդին համախմբող եւ մեր ապագայի հանդեպ հույս ներշնչող իշխանություն:
Մենք խոնարհվում ենք բոլոր նահատակված հերոսների հիշատակի եւ նրանց ծնողների առջեւ: Խունկ եւ աղոթք Մեր քաջորդիների հիշատակին:
Եկեք Մեր հետագա գործողություններով ապացուցենք, որ Նրանց արյունն աննպատակ չէ թափվել: Ուրեմն ի գործ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը