Ընդդիմադիր 16 կուսակցությունները որոշում են կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին, որը անցումային կառավարություն կձևավորի, և մեկ տարվա ընթացքում կիրականացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Կայացած հանդիպումից հետո «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք այս դժվար պահին որոշում են կայացրել որպես երկրի վարչապետի իրենց թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին:
«Նա վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ և որոշակի ժամնակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի: Սա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել Վազգեն Մանուկյանի օգտին»,- ասաց նա:
Վանեցյանը նաև հավելեց. «Անթերի մարդ չկա: Վազգեն Մանուկյանն ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է: Նա մի մարդ է, որը եղել է ՀՀ-ի առաջին վարչապետը, որը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, ով ունեցել է բանակաշինության մեջ ամենամեծ լուման: Այսինքն Վազգեն Մանուկյանի պաշտպանության նախարար դառնալուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր բանակ, ունեցել ենք զինված ուժեր: Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով, ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ և լուծել Հայաստանի առջև ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնց մեջ հայտնվել ենք»:
Վանեցյանն ասաց, որ առաջին քայլն արվեց, հայտարարվեց վարչապետի միասնական թեկնածուն. «Առաջիկա քայլերի մասին կասվի առաջիկա հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա և կներկայացնի առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը