15 10 2020

Անմարդկային է արդեն 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը. ՀՀ ՄԻՊ

Անմարդկային է արդեն 19 օր դիերի և գերիների փոխանակման հնարավորության բացակայությունը. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական մեծաթիվ զինված հարձակումներ տարբերակում չեն դնում ռազմական օբյեկտների ու քաղաքացիական բնակավայրերի միջև, իսկ շատ դեպքերում դրանք ուղիղ թիրախավորում են խաղաղ բնակչությանը: Այս մասին հայտարարություն  է տարածել ՀՀ ՄԻՊ-ը:

Արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վիրավորումներ են ստանում խաղաղ բնակիչներ: Ինչպես ինձ պարբերաբար տեղեկացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, վերջիններս գտնվում են Արցախի տարբեր քաղաքներում ու գյուղերում, սակայն շարունակվող ագրեսիվ հարձակումների պատճառով բժշկական օգնության անձնակազմերը լիարժեք հնարավորություն չեն ունենում հասնել այդ վայրեր ու մարդկանց ցույց տալ անհրաժեշտ աջակցություն:

Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են իրականացրել նաև շտապ բժշկական օգնության մեքենայի ու հոսպիտալի ուղղությամբ, որտեղ պաշտոնական տվյալների համաձայն՝ եղել են նաև քաղաքացիական անձինք: Պարբերաբար հայտարարվում է զինվորականների թվում զոհերի մասին:

Երեկ տեղի են ունեցել հրատապ խորհրդակցությունները Հայաստանի իրավասու մարմինների հետ, իսկ Արցախում նույնն արել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Երկու դեպքում էլ ստացվել են վճռական հավաստիացումներ առ այն, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում րոպե առաջ են պատրաստ դիերի ու գերիների փոխանակման, ինչպես նաև անթույլատրելի են համարում նման մարդասիրական հնարավորության բացակայությունը: Ուսումնասիրությունը վկայում է, որ այս պատրաստակամությունը Հայաստանում ու Արցախում մշտապես արտահայտվում է նաև հրապարակայնորեն:

Առկա իրավիճակը միջազգային իրավունքի, մասնավորապես՝ 1949թ֊ի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող կոպիտ խախտում է: Սա խախտում է ոչ միայն վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ:

Միանում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ, ICRC) Եվրասիայի տարածաշրջանային տնօրենի հոկտեմբերի 13-ի հրապարակային մտահոգություններին մարդասիրական հրադադարի բացակայության և իրենց մարդասիրական առաքելությունն իրականացնելու պայմանների բացակայության կապակցությամբ: Մի քանի օր առաջ այս բոլոր հարցերի առնչությամբ խոսել եմ նաև ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կլեր Մեյթրոյի հետ:

Անհրաժեշտ է րոպե առաջ, օր առաջ դադարեցնել այս արդեն բացարձակ անմարդկային դարձած վերաբերմունքը և ԿԽՄԿ-ի համար ապահովել իր մարդասիրական առաքելությունն իրականացնելու հնարավորություն բոլոր կողմերում: Ընդ որում, պետք է ապահովվի այդպիսի առաքելության ոչ թե ձևական, այլ իրական հնարավորություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ