29 09 2020

Հաղթե՛լու ենք․․․Լիա Իվանյանի հոդվածը

Հաղթե՛լու ենք․․․Լիա Իվանյանի հոդվածը

Սա 83 նահատակված մարտիկների պատգամն է, զոհված երկու անմեղ մանուկների և երկու տարեց կանանց հոգու ճիչն է։

Հերթական անգամ թուրքը ցույց տվեց իր գազանային էությունը։ Անթաքույց և լիակատար հովանավորության տակ առնելով «փոքր եղբայր» Ադրբեջանին՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից սկսած պատերազմը սահուն տեղափոխեցին ՀՀ տարածք։ Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ բացեցին Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ կիրառեցին դիրքերի ուղղությամբ։ Իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ․․․ Ապավինենք մեր զինվորականների ռազմական հանճարին, կամքին ու ոգուն։

Աշխարհը հետևում է ողջ տարածաշրջանն իրար խառնած Թուրքիայի անամոթ գործողություններին ու բացահայտ հրահրումներին։ Տեսնում են, որ նա ինքահռչակվել է որպես երրորդ կողմ։ Տեսնում են որ նա իրեն իրավունք է վերապահում խառնվել ուրիշ պետությունների ներքին գործերին։ Գազետա.ռու-ն հայտնում է, որ Թուրքիայի նախագահը Ռ․Թ․ Էրդոհանը Թվիթերի իր էջում Հայաստանի ժողովրդին կոչ է արել ԼՂ կոնֆլիկտի սրացման ֆոնին ընդվզել իշխանությունների դեմ։

Վա՛հ, ողջ տիեզերքում նա վերջին մարդն է, ում կարծիքը հայի համար կարող է արժեք ներկայացնել․․․ մենք մեր հարցերը ինքներս կկարգավորենք։ Հենց միայն այս կոչը վկայում է, որ թուրքը լիովին կորցրել է իրականության զգացողությունը և իրեն երևակայում է աշխարհի տիրակալ։

Աշխարհն, այո, հետևում ու տեսնում է ամեն ինչ, բայց չգիտես ինչու աչք է փակում այն բացահայտ իրողության վրա, որ Ադրբեջանն է սանձազերծել այս լայնամասշտաբ ագրեսիան։ Փաստացի վկայություններն այնքան շատ են, որ ոչ մասնագետի համար անգամ պարզ են հարձակվողի և հարձակումը կասեցնողի գործողությունների բնույթը։ Այնպես որ, ընդունելի չեն հակամարտող կողմերից ստացվող հակասական տեղեկություններով բացատրել ոչ հասցեական կոչերը։

Մեզ համար կարևոր է աշխարհի արձագանքը, բայց 1915, 1993,2016 թվականների փորձը ցույց է տվել, որ մեր հույսն ու ապավենը մեր կռվող տղերքն են, օրհասի պահին համախմբվելու մեր անբացատրելի ուժն է։

Հետևապես, ապավինում ենք մեր զինվորականների ռազմական հանճարին, կամքին ու ոգուն, նրանց թև ու թիկնունք ենք մեր աղոթքներով ու միասնությամբ։ Հաղթե՛լու ենք, ինչպես հաղթել ենք Սարդարապատում, ինչպես հաղթել ենք 1994-ին ու 2016-ին․․․ Հաղթե՛լու ենք, որպեսզի ամոթով չմնանք իրենց կյանքը զոհաբերած հերոսների առաջ։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ