ՌԴ հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Подъём տելեգրամյան ալիքի հետ զրույցում նշել է, որ սեպտեմբերի 28-ին մոտ 20 000 ռուսաստանաբնակ հայեր ցանկություն են հայտնել որպես կամավոր մեկնել Լեռնային Ղարաբաղ:
«Սա Ադրբեջանի և Թուրքիայի նախապես ծրագրած լայնամասշտաբ ակցիան է: Նրանք ցանկանում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չմնա: Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը: Ինքնաթիռներ չկան, անգամ հումանիտար օգնություն ուղարկել հնարավոր չէ: Արդեն մոտ 20 000 մարդ ցանկություն է հայտնել կամավորագրվելու»,- ինչպես հաղորդել է EADaily-ն՝ ասել է Աբրահամյանը՝ հավելելով, որ այդ առնչությամբ Ռուսաստանի հայերի միությունը ռազմական տրանսպորտ է խնդրել, որպեսզի մարդկանց ուղարկի Հայաստան:
Հայերի միությունը դիմել է Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգնել դադարեցնելու զինված հակամարտությունը:
«Ժողով ենք ունեցել, մի քանի դրույթ ենք ընդունել, այդ թվում՝ դիմել նախագահին, բոլոր կառույցներին և խնդրել անհապաղ կանգնեցնել այս պատերազմը, որպեսզի Ռուսաստանն օգնի դադարեցնել հակամարտությունը և օգնություն հատկացնի, այդ թվում՝ հումանիտար»,- ասել է ՌԴ Հայերի միության ղեկավարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը