27 09 2020

Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն

Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետեւանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն:

Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել եւ հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերի (ներառյալ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի քաղաքները):

Նախնականորեն քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր: Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:

Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, վնասվել են նաեւ որոշ դպրոցներ:

Հավաքագրված տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, եւ միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք գործունեությունը. տվյալների հստակեցումից հետո հանդես կգանք լրացուցիչ հրապարակումներով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ